Արմինֆո. Լայնածավալ պատերազմի վտանգը կարճաժամկետ և միջնաժամկետ շրջանում բացառվում է, քանի որ դրա համար ռեսուրսային բազա չկա։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիիս կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա հիշեցրել է, որ Մեծ Կովկասը աշխարհում երկրորդ տարածաշրջանն է սովորական սպառազինությունների քանակով, հետևաբար, լայնածավալ պատերազմի վերսկսում ոչ ոք թույլ չի տա: Սակայն, փորձագետը չի բացառում հակամարտության գոտում լարվածության աճը զորքերի շփման գծում:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, մասնավորապես, որտեղ ասվում է, որ ստատուս քվոն անընդունելի է, և ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, Իսկանդարյանը նշել է, որ ստատուս քվոն ընկալվում է միայն որպես սահմանների կոնֆիգուրացիա, սակայն, այն նաև, առնվազն, տարեկան մի քանի տասնյակ երիտասարդ կյանքերի կորուստ է հայկական կողմից, նույնը տեղի է ունենում նաև Ադրբեջանում։
Իսկանդարյանը նշել է, որ այս համատեքստում ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ընդունելի է, և միևնույն ժամանակ, ցինիկ է թվում, այն տեսանկյունից, երբ ասում են, որ կորուստներ տեղի են ունենում բազմաթիվ հակամարտությունների դեպքում, բայց, ելնելով մարդասիրական նկատառումներից, զոհերն անթույլատրելի են:
Քաղաքագետի համոզմամբ, կողմերը պատրաստ չեն փոխզիջման, Հայաստանն ու Ադրբեջանը փոխզիջում են անվանում տարբեր բաներ։ "Ադրբեջանը փոխզիջումային լուծում է համարում վերադարձը մինչև 1988 թվականը եղած իրավիճակին, ինչը, փաստորեն, դառնում է անհնարին և անընդունելի քննարկման համար։ Հայաստանը փոխզիջում է անվանում այն, որ ամեն ինչ կմնա ինչպես կա,և, դրան գումարած, Արցախի ճանաչումը, ինչը պատրաստ չեն քննարկել ադրբեջանցիները", - ասել է նա։
Փորձագետի կարծիքով, այդ դեպքում պետք է շարունակել անել այն, ինչ արվում է. աշխատել շփման գծում բռնության աստիճանի նվազեցման ուղղությամբ, դրա վրա աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ տեսանելի և անտեսանելի ձևով, ասել է նա։ "Բռնության նվազեցմանն ուղղված հնարավորություններն այնքան զրոյական չեն, որքան հակամարտությունը կարգավորելու փորձը, այդ մասին խոսում են եւ Մնացականյանը, եւ համանախագահները, եւ, նույնիսկ, երբեմն խոսում են Ադրբեջանում", - ընդգծել է Իսկանդարյանը: Քաղաքագետը հիշեցրել է, որ կարգավորման վերջին փորձն արվել է 2011-ին Կազանում, իսկ դրանից հետո տեղի ունեցածը "հակամարտության մենեջմենթ" է, միաժամանակ արձանագրելով, որ բռնության մակարդակը 2016-ից սկսած նվազում է և այժմ գտնվում է 2011-2012 թթ. մակարդակում: