Արմինֆո.Հայկական բանակը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ցանկացած զարգացման ։ Այս մասին դեկտեմբերի 6 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ՝ անդրադառնալով Միրոսլավ Լայչակի երեկվա հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության փխրուն լինելու մասին ։
<Մենք բանակցային գործընթացը ոչ մի կերպ չենք կապում Զինված ուժերի պատրաստության հետ։ Բանակային պատրաստության ինտենսիվության մեջ փոփոխություններ չկան, և կարող եմ վստահաբար ասել, որ մենք պատրաստ ենք առաջնագծում իրավիճակի ցանկացած զարգացման>, - վստահեցրել է Բալայանը ։
Միաժամանակ նա ընդգծել է, որ առաջնագծում իրավիճակը համեմատաբար կայուն է: Պաշտպանության փոխնախարարն արձանագրել է, որ հրադադարի ռեժիմի խախտումների թվի ավելացում կամ նվազում չի նկատվել: <Բացառությամբ այն դեպքի, երբ առաջնագծում վիրավորվել է մեր զինծառայողը, և որին Արցախի Պաշտպանության բանակը խիստ պատասխան է տվել, առաջնագծում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել>, - եզրափակել է Բալայանը:
Նշենք, որ նախօրեին Բրատիսլավայում (Սլովակիա) ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 26-րդ նիստի ժամանակ Սլովակիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա ։ <Երկխոսությունը շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում։ Տարբեր հարթակների միջոցով կազմակերպությունը փորձել է ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը և աջակցել երկխոսությանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա։ Ես չունեմ կախարդական բանաձեւ, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել հակամարտությունները։ Բայց ես վստահ եմ, որ նոր երկխոսության համար ուղիների բացմամբ լարվածության վերացմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը անգնահատելի են, եւ ԵԱՀԿ - ն առաջին կազմակերպությունն է, որն իր աջակցությունն է առաջարկում խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլերին>, - ասել է Լայչակը ։