Արմինֆո.Արծվաշեն գյուղի նախկին բնակիչները (1992թ. օգոստոսին ադրբեջանական զինուժի կողմից գրավված Հայաստանի տարածքը - խմբ.), որոնք այժմ բնակվում են ՀՀ Գեղարքունիքի մարզում, հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և կառավարությունից պահանջում էին 6 մլրդ դրամի փոխհատուցում:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արծվաշենցիների բողոքի ակցիային, նշել է, որ դե յուրե արձանագրվել է, որ պետությունը կատարել է փախստականների հանդեպ իր բոլոր պարտավորությունները։ "Իրենք էլ ասում են, որ այո, ժամանակին իշխանությունը բիրտ ուժ կիրառեց և ստիպեց ստորագրել որոշ փաստաթղթեր և դրանով փակել խնդիրը։ Մենք դա հասկանում ենք, բայց որն է այն իրավիճակի պատճառը, որը մենք ունենք այսօր։ Պարզապես որոշել ենք 1,2 մլրդ դրամ հատկացնել փախստականների կոնկրետ խնդիրների լուծման համար (1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթված շուրջ 112 ընտանիքների բնակարանային վկայագրեր տրամադրելու որոշումը - խմբ.)", - ասել է Փաշինյանը։
Մինչդեռ արծվաշենցիները հայտարարում են, որ նյութական կորուստների դիմաց փոխհատուցում չեն ստացել։ "Արծվաշեն և որդիներ" հայրենակցական միության նախագահ Յուրա Ղուլյանը հիշեցրել է, որ 2009 թվականին կառավարությունը որոշել է փոխհատուցել վնասը, խոստացել է հատկացնել վեց միլիարդ դրամ, 2011 թվականին տրամադրվել է 708 միլիոն դրամ, որից օգտվել է 2000 մարդ, յուրաքանչյուրին բաժին է հասել շուրջ 360 հազար դրամ:
Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպել են քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման դեպարտամենտի պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ: Հետո նրանք հայտարարել են, որ դժգոհ են հանդիպման արդյունքից։ "Ըստ էության, ասվել է, որ Արծվաշեն գյուղի բնակիչների խնդիրը գերակա չէ, սակայն հերթի է դրված։ Վարչապետը տեղյակ է մեր խնդրի մասին եւ խնդրել է փոխանցել, որ ժամանակի ընթացքում խնդիրը կլուծվի", - նշել է արծվաշենցի Յուրա Ղուլյանը։
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 20-ին Արծվաշեն գյուղի շուրջ 500 բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության շենքի դիմաց, պահանջելով իրենց միջոցներ հատկացնել, իրենց խոսքով ՝ անմխիթար վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի վերականգնման համար։ Նույն օրը Փաշինյանը դուրս էր եկել ցուցարարների մոտ և պայմանավորվել հոկտեմբերի 2-ին հանդիպել։ Ինչպես այն ժամանակ հայտնել էր վարչապետի մամուլի ծառայությունը, հարկադիր տեղահանվածները Փաշինյանին հայտնել էին, որ 1992 թվականից սկսած բնակարանային պայմանների բարելավման նպատակով իրենց երեք անգամ տրամադրվել է փոխհատուցում. 2 անգամ ՝ 50 մլն դրամ և մեկ անգամ՝ 708 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել են նրանք, կառավարության նախորդ տարիների որոշումներով յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսված էր 1 մլն դրամի փոխհատուցում, որի մի մասն արդեն վճարվել է։ Այսօրվա դրությամբ, հարկադիր վերաբնակները ցանկանում են նոր կառավարության հետ քննարկել հետագա ֆինանսական աջակցության չափը։
Նշենք, որ 1992թ. օգոստոսի 8-ին Հայաստանի տարածքում գտնվող Արծվաշեն գյուղը շրջափակված էր ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից, և համառ մարտերից հետո որոշվեց այն թշնամուն թողնել: Արծվաշենցիների համար ապաստարան են դարձել հիմնականում Ճամբարակ քաղաքը (նախկին Կրասնոսելսկ - խմբ.), որտեղ ժամանակին մոլոկաններ են ապրել։ Այսօր արծվաշենցիների մեծ մասը լուրջ բնակարանային խնդիրներ ունի։