Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն ԵԱՀԿ սկզբունքների հիման վրա։ Այս մասին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում իր ելույթում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին, իր հերթին, մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ավելի լավատեսական նշանների անհրաժեշտությունը: "Մասնավորապես, մեզ ավելի լավատեսական նշաններ են պետք Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման տեսանկյունից։ Բազմակողմանիությունը կարեւոր գործիք է տարաձայնությունների լուծման համար, որոնք սպառնում են եվրոպական անվտանգ տեսլականին", - հավաստիացրել է Ծերեթելին։
Իր ելույթում ղարաբաղյան թեմատիկային անդրադարձել է նաեւ Ֆինլանդիայի արտաքին գործերի փոխնախարար Մատտի Անտոնենը, ով մատնանշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը: "Մենք պետք է շարունակենք աշխատանքը Վրաստանի հակամարտությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ։ Սա ԵԱՀԿ գլխավոր մանդատն է", - ասել Է Ֆինլանդիայի փոխարտգործնախարարը։
Ղարաբաղյան հարցը, ինչպես եւ սպասվում էր, ներառված էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի ելույթի տեքստում, որն անշեղ համառությամբ ընդգծել է, որ անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության լուծում գտնել "տարածքային ամբողջականության սկզբունքի" հիման վրա: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ սառեցված հակամարտությունները Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում դեռեւս լուծված չեն: "Սառեցված հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա", - ամփոփել է թուրք նախարարը: