Արմինֆո. 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: Դեկտեմբերի 4-ին համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, առողջապահության, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարարները, ոստիկանության պետի տեղակալը, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի տեղակալը և կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալը: Հանձնաժողովը կղեկավարի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ելույթ ունենալով <Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը> ամենամյա համաժողով ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. <Մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում>:
Մինչդեռ, հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված չէ 10 մլն ծառ տնկելու ծրագրի ֆինանսավորում: Ծրագրի իրականացման դեպքում իշխանությունները մտադիր են դիմել ինչպես գործընկեր երկրների, այնպես էլ՝ տեղի բնակչության և սփյուռքի ներկայացուցիչների օգնությանը: Մասնավորապես, ինչպես նշել էր նախարարը, հաջող բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ համատեղ նախագծերի իրականացման շուրջ, այդ թվում՝ այդ նախագծի վերաբերյալ: Էրիկ Գրիգորյանն ընդգծել է, որ ծրագիրը համազգային բնույթ է կրում, եւ դրան կմասնակցեն ինչպես առանձին քաղաքացիներ, այնպես էլ՝ կրթական հաստատություններ եւ բիզնես կառույցներ: