Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել Երևանում Գրիբոյեդովի արձանի պղծման առնչությամբ հայտարարությամբ:
Դեսպանատան տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. <Կիսում ենք պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը հստակ բնորոշում տվեց այս տգեղ արարքին՝ կապված հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի հուշարձանի հետ: Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն պատմական խորն արմատներ>:
Նախօրեին <Ցեղակրոն> կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երևում է՝ արձանի վրա կարմիր ներկ է լցված: <Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը>,- հպարտությամբ գրել է Շանթ Հարությունյանը ՝ չգիտակցելով, որ այդպիսով նա նմանվել է Արմավիրի քաղաքային դումայի պատգամավորին, ով օրեր առաջ պղծել էր Գարեգին Նժդեհի հուշատախտակը:
Շանթ Հարությունյանը, հավանաբար, այդ պահին չէր գիտակցում, որ վրեժխնդիր լինելով հայ ժողովրդի մեծ բարեկամի արձանից, ոչ թե հասնում է արդարության հաղթանակի, այլ սևացնում է մի ամբողջ ժողովուրդ, ինչպես հայտնի ասացվածքում ՝<Երբ մարդու վրա ցեխ ես շպրտում,հիշիր՝ այն կարող է չհասնել նրան,բայց ցեխի հետքերը,միևնույնն է կմնան ձեռքերիդ վրա>: Հանուն արդարության պետք է նշել, որ աս արարքը քննադատվել է Հայաստանի հասարակական լայն շրջանակների կողմից։ Նշվել է նման գործողությունների անթույլատրելիությունը՝ հատկապես Հայաստանի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ: Շատերը նույնիսկ նշում էին, որ դա ապտակ է ոչ թե Ռուսաստանին, այլ՝ ողջ հայ ժողովրդին։
Հարկ է նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանում արդեն տեղեկացրել են, որ Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի ՝ ներկով ողողված հուշարձանը մաքրվել է։ <Քանի որ Հայաստանում չեմ, դեպքը բաց էի թողել, բայց, քանի որ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի՝ լուծումը չուշացավ>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Իսկ Ոտիկանությունում տեղեկացրել են, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով. <Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում>:
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արմատական տրամադրված կեղծ հայրենասերի արարքը ոչ մի տրամաբանական շրջանակի մեջ չի տեղավորվում: <Որպես պատգամավոր ՝ անձամբ հետեւելու եմ, որ վանդալիզմի ակտ կատարողը պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Նմանապես մեր դիվանագիտական խողովակներով կհետևենք Ռուսաստանի Արմավիր քաղաքում վանդալիզմի ակտի առնչությամբ տեղի ունեցող զարգացումներին ։ Այս սադրիչ գործողությունները փորձում են ստվեր գցել ռուս-հայկական դինամիկ զարգացող հարաբերությունների վրա և պետք է արմատախիլ արվեն>, - գրել է խորհրդարանականը ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ