Արմինֆո.Ուրախ էի հետևել Հայաստանում 2018 թվականի ընտրական գործընթացների դրական ընթացքին և քաղաքացիական հասարակության ներգրավվածությանն այդ ինստիտուտի կայացման գործում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ "Դրական փոփոխություններ քաղաքացիական հասարակության իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման միջոցով" նախագծի փակման արարողության ժամանակ։
ԵՄ դեսպանի խոսքով ՝ անկախ մեդիան եւ քաղաքացիական հասարակությունը հակակշիռ են իշխանություններին եւ հավելյալ արժեք են ներկայացնում ներառական հասարակության ձեւավորման գործում։
"Ես ծնունդով մի երկրից եմ, որտեղ ստիպված էի մշտապես կառավարությանը համոզել, որ քաղաքացիական հասարակությունը լրացուցիչ արժեք է և, իրոք, կարևոր է լսել նրանց ձայները։ Չէ որ շատ ավելի հեշտ է ընդդիմանալ իշխանություններին, ասել, որ այն ոչ ժողովրդավարական է, չի պահպանում իրավունքի գերակայությունը, մեղադրել կոռուպցիայի մեջ, բայց, միևնույն ժամանակ, շատ ավելի դժվար է աշխատել այն կառավարության հետ, որը շարժվում է ճիշտ ուղղությամբ, քանի որ տվյալ դեպքում պետք է ոչ թե, պարզապես, քննադատել, այլ առաջարկել լուծման տարբերակներ", - ասել է Վիկտորինը, հիշեցնելով, որ այսօր Հայաստանում դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը գտնում է, որ իշխանություն-ԶԼՄ - քաղաքացիական հասարակություն երկխոսության հաստատումը կօգնի բացահայտել այն խնդիրները, որոնք կարող էին բաց թողնվել իրավասու կառույցների կողմից եւ փոխշահավետ դառնալ բոլոր կողմերի համար: "Միշտ չէ, որ հեշտ է իշխանություններին հասցնել այդ ինստիտուտների կարեւորության աստիճանը, սակայն Հայաստանում այժմ դիտվում է դրական դինամիկա անհրաժեշտ կապերի հաստատման ուղղությամբ։ Քաղաքացիական հասարակությունը միշտ ձգտում է օպերատիվ արդյունքների, սակայն պետք է ամեն ինչ գնահատել օբյեկտիվորեն և մշակել զարգացման ռազմավարություն՝ մանրակրկիտ և մտածված", - ասել է նա՝ ընդգծելով ներառական հասարակություն կառուցելու ԵՄ ձգտումը։
"Բաց հասարակություն-Հայաստան" հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանում կան "զանգվածներ", որոնք փորձում են անվստահություն սերմանել հեղափոխության հաջողության նկատմամբ, նշելով, որ Հիմնադրամի առաքելությունը քաղաքացիական հասարակության դերի ուժեղացումն է:
"Նախկին իշխանությունների օրոք մեր գործունեությունը կենտրոնացած էր դիտարկումների անցկացման վրա, այդ աշխատանքը ժամանակատար էր, սակայն գործը բարդանում էր նրանով, որ իշխանությունների հետ տարբեր ուղղություններով միատեսակ և արդյունավետ մոտեցում չկար, ինչը մանիպուլյացիաների առիթ էր դառնում։ Այդ գիտելիքներն ու բազան չէին կարող դառնալ շարունակական աշխատանքի հենման կետ, քանի որ դա մեծ վտանգ էր ներկայացնում։ Սակայն իրավիճակը ներկայում ակնհայտորեն փոխվել է, հասարակության եւ կառավարության միջեւ հարաբերություններում վստահության աստիճանը զգալիորեն աճել է", - ասել է Մինասյանը։ Այս առումով հիմնադրամի տնօրենը կարևորել է ԶԼՄ-ների դերը բազմակարծության ապահովման, այլ ոչ թե անարժանահավատ տեղեկատվության տարածման գործում:
"Իրազեկ քաղաքացիների միավորում" հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն, իր հերթին, արձանագրել է, որ անցած տարվա իրադարձությունները փոխել են քաղաքացիական հասարակության աշխատանքի էությունը, ընդգծելով, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից մեկն էր ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ՝ հետո: Դրա հետ մեկտեղ, Իոաննիսյանը խոստովանել է, որ այսօր դժվար է քննադատել իշխանությանը՝ հանրային վստահության բարձր մակարդակի պատճառով։ "Հեղափոխությունից հետո իշխանությունները համաձայնեցին, որ խնդիրներ կան և դիմեցին քաղաքացիական հասարակությանը ՝ խնդիրների լուծում գտնելու համար, սակայն այսօր քիչ է քննադատելը, պետք է նաև լուծումներ առաջարկել", - եզրափակել է նա: