Արմինֆո. Վաշինգտոնը (Կոլումբիա շրջան) միացել է ԱՄՆ 49 նահանգներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, Վաշինգտոնը միացել է ԱՄՆ 49 նահանգներին եւ Ներկայացուցիչների պալատին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում եւ պահանջում է Կոլումբիայի շրջանի դպրոցական ծրագրում ներառել այդ փաստի ուսումնասիրությունը:
Նոյեմբերի 8-ին Կոլումբիայի շրջանի խորհրդի ընդունած բանաձևում կարևորվում է Հայոց ցեղասպանության մասին շրջանի բնակիչների իրազեկման մակարդակի բարձրացումը։ Փաստաթղթում նաեւ նշվում է, որ բանաձեւն ընդունվում է՝ հաշվի առնելով Ժամանակին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից Օսմանյան կայսրության տարածքում հայերի եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների զանգվածային բնաջնջման վերաբերյալ արված հաղորդագրությունները, հաշվի առնելով Ռոնալդ Ռեյգանի 1981 թվականի հռչակումը, ինչպես նաեւ հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 296 բանաձեւի ընդունումը:
Հավելենք, որ ԱՄՆ Սենատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 150 բանաձևը, որը երկու անգամ արգելափակվել է սենատորներ Լինդսի Գրեհեմի և Թեդ Քրուզի կողմից։ Ավելի ուշ Գրեհեմը խոստովանել է, որ բանաձեւն արգելափակել է Սպիտակ տան ներկայացուցչի խնդրանքով: Մինչդեռ բանաձևը նախաձեռնած սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ շարունակելու է ջանքերը բանաձևն առաջ մղելու համար։