Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ում որեւէ տեղեկություն չունեն հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հնարավոր փոխայցելությունների մասին։ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունում այդ հարցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն։
Ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե, իբր, լրագրողների փոխայցերի նախաձեռնության հաջող իրականացումից հետո պատգամավորների փոխադարձ այցեր են նախապատրաստվում, սակայն, ամենայն հավանականությամբ, վետո կդրվի Նաիրա Զոհրաբյանի Բաքու այցի վրա՝ Ադրբեջանի հասցեին կոշտ քննադատության պատճառով: Այս հրապարակմանը արձագանքել է ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով համոզմունք է հայտնել, որ եթե նման նախաձեռնություն լինի մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը "թքած կունենա վետոյի վրաՎ։ "Ասեմ, որ դա շատ զվարճալի է", - Facebook-ի իր էջում գրել է Զոհրաբյանը։
Նշենք, որ նոյեմբերի 17-21 - ը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ Ադրբեջանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ Հայաստան եւ Արցախ: Այցը գաղտնի էր պահվում, եւ տեղեկատվությունը ներկայացվել է միայն լրագրողների վերադարձից հետո: Միջոցառումը կազմակերպել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը։