Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ում մանրամասներ են ներկայացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունների մասին: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մասնավորապես, հայտարարել է, որ նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում:
ՙՀայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ՚, ասել է մամուլի խոսնակը:
Հավելենք, որ հայ և ադրբեջանցի լրագրողների այցն ընթացել է գաղտնիության մթնոլորտում ՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Միայն անցյալ շաբաթվա վերջին Twitter-ի իր էջում ուղեւորությունը ողջունել էր ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը: "Այնպիսի միջոցներ, ինչպիսիք են փոխանակումը, բնակչությանը պատրաստում են խաղաղության եւ նվազեցնում լարվածությունը", - ասված է ԱՄՆ մշտական ներկայացուցչության հայտարարությունում:
Նշենք, որ Բաքու այցելած հայ լրագրողները Facebook-ում կիսվել են Ադրբեջան կատարած այցից ստացած տպավորություններով և լուսանկարներով: Մասնավորապես, "Շանթ" հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանն, ընդհանուր առմամբ, դրական է արտահայտվել ուղեւորության մասին, համոզմունք հայտնելով, որ այցն օգտակար է եղել հասարակության ընկալումների մասին ամբողջական պատկերացում ստեղծելու տեսանկյունից։