Արմինֆո.Ռուսաստանի Արմավիր քաղաքում վանդալիզմի ակտ է գրանցվել Հայ առաքելական եկեղեցու տարածքում։
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, նախօրեին Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներթափանցել է Հայ առաքելական եկեղեցու տարածք և սև ներկով է պատել Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Ինչպես Վինոգրադովը բացատրել է լրատվամիջոցներին, նա դիմել է այդ քայլին, քանի որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում երկրամասային եւ տեղական իշխանությունները, ինչպես նաեւ "Ռուսաստանի հայերի միության" տեղական բաժանմունքի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: Ավելի վաղ պատգամավոր Վինոգրադովը բազմիցս հայտարարել էր, որ հուշատախտակի ապամոնտաժման մասին խոստումները չկատարելու դեպքում ինքն ինքնուրույն կլուծի այդ հարցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը խոստացել էր ջանքեր գործադրել Արմավիրում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման ուղղությամբ: Այդ մասին նա հայտարարել էր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին։ Դրան զուգընթաց, Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) քաղաքապետարանի մոտ փորձում են ապամոնտաժել 2012 թվականին Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու տարածքում Ռուսաստանի հայերի միության Արմավիրի բաժանմունքի նախաձեռնությամբ տեղադրված Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ) հուշատախտակը:
Այս հարցը սրվել է Աշխաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ Նժդեհի շուրջ բանավեճից հետո։