Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Հանա Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը:
<Հոգևորականների կյանքն ընդհատվեց այն պահին, երբ նրանք ծառայություն էին մատուցում պատերազմից հյուծված Դեր Զորի համայնքին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հոգևորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա արդյունքում ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։
Մեր խորին ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, Սիրիայի Հայ կաթողիկե համայնքին և ողջ սիրիահայությանը՝ մաղթելով ուժ, տոկունություն և ոգու ամրություն:
Հայաստանը շարունակելու է մարդասիրական աջակցությամբ իր ներդրումը բերել Սիրիայում մարդասիրական իրավիճակի կայունացման գործին>,- ասվում է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: