Արմինֆո.Նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ, որի ընթացքում անդրադարձել է Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի լարման, մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգների խնդրին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է սիրիահայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային կոտորածների վտանգը։ Ադամա Դիենգի ուշադրությունը հրավիրելով Սիրիայի Քամիշլի քաղաքի հայ հոգևորականներ Հովսեփ և Աբրահամ Պետոյանների սպանությանը` Մհեր Մարգարյանը դատապարտել է այդ ոճրագործությունը՝ որպես կրոնական և ազգային պատկանելության վրա հիմնված հանցանք։ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականն իր ցավակցություններն է հայտնել հայ հոգևորականների սպանության կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այլատյացության հողի վրա հանցանքների, զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությանը։