Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) եւ Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) միավորվել են հունական, քրդական, ասորական, քրիստոնեական իրավապաշտպան եւ կրոնական խմբերի հետ ազատության համար պայքարում եւ բողոքում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն այցի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոյեմբերի 13-ին նախատեսված հանդիպման դեմ:
ANCA-ից և AAA-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունների համաձայն, ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը պալատի անդամներին առաջարկել էր ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, որպեսզի վերջինս չեղարկի Թուրքիայի նախագահին ուղղված իր հրավերը, ընդգծելով, որ "Էրդողանի արյունալի արշավը Սիրիայում ապակայունացրել է տարածաշրջանը եւ սպառնալիքի տակ դրել ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը":
"Հոկտեմբերի 9-ին Հյուսիսային Սիրիա ներխուժելու Էրդողանի որոշումը աղետալի հետեւանքներ ունեցավ ԱՄՆ ազգային անվտանգության համար, հանգեցրեց խորը տարաձայնությունների ՆԱՏՕ դաշինքում եւ տեղերում հումանիտար ճգնաժամ առաջացրեց։ Թուրքական զորքերը սպանել են խաղաղ բնակիչներին եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերի անդամներին, որն ԱՄՆ-ի կարեւորագույն գործընկերներից մեկն է ԻՊ դեմ պայքարում, եւ արտաքսել են ավելի քան հարյուր հազար մարդու Հյուսիսային Սիրիայի իրենց տներից: Հաշվի առնելով այս իրավիճակը՝ մենք կարծում ենք, որ այժմ հարմար պահ չէ Էրդողանի Միացյալ Նահանգներ այցի համար, եւ կոչ ենք անում Ձեզ չեղարկել այդ հրավերը", - դիմել են օրենսդիրները Թրամփին:
ANCA-ից նաեւ տեղեկացրել են, որ նոյեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 12:00-ին իրենք բողոքի ակցիա կանցկացնեն Սպիտակ տան դիմաց, որտեղ այդ ժամանակ ընթանալու է Էրդողան-Թրամփ հանդիպումը: Ընդ որում, կազմակերպությունում նշել են, որ բողոքի ժամանակը կփոխվի ՝ կախված երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակացույցից: