Արմինֆո. Երեւանում նոյեմբերի 10 - ին <Մոսկվա> կինոթատրոնում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի երկրորդ ամենամյա կինոփառատոնը (European Film Festiaval-EFF), որի ծրագիրում ներառված են ֆիլմեր եվրոպական 12 երկրից, այդ թվում՝ Բուլղարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լիտվայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ֆրանսիայից եւ այլն:
EFF ֆիլմերի որոշ մասի պրեմիերաներ տեղի են ունեցել հեղինակավոր միջազգային կինոփառատոններում, մասնավորապես՝ Կաննում, Վենետիկում: Հատկանշական է, որ այս տարի կինոփառատոնը կընդլայնի իր աշխարհագրությունը, և Երևանից բացի կընդգրկի նաև Վանաձոր, Գյումրի և Դիլիջան քաղաքները։ Կազմակերպիչների խոսքով, EFF-ի ծրագիրը հագեցած կլինի, բացի երևանյան պրեմիերաներից, սպասվում են վարպետության դասեր, եվրոպական կինոարտադրության ներկայացուցիչների հետ տարբեր քննարկումներ, ինչպես նաև մի շարք այլ հանդիպումներ ու անակնկալներ:
Նշենք, որ այս տարի կինոփառատոնը մեկնարկել է Ռոբեր Գետիկյանի <Գլորիա Մունդի> ֆիլմի ցուցադրությամբ: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի Ջոնաթան Լաքոտի խոսքով՝ Գետիկյանին հաջողվել է բացառության կարգով Վենետիկի կինոփառատոնից հետո ֆիլմի պրեմիերան անցկացնել Երևանում, իսկ հետո արդեն այն ներկայացնել ֆրանսիացի հանդիսատեսին: <Ֆրանսիայի դեսպանատան ընտրությունը կանգ է առել հենց այս ֆիլմի վրա, քանի որ այստեղ ներկայացված է ֆրանսիական իրականությունը, որի մասին պատկերացումները, ամենայն հավանականությամբ, շատերի մոտ տարբեր են։ Շեշտը դրված է Ֆրանսիայի սոցիալ-քաղաքական իրողությունների վրա>, - ասել է նա ՝ ընդգծելով, որ <Գլորիա Մունդին> սկիզբ կդնի EFF-ի ոչ պակաս հետաքրքիր ու որակյալ ֆիլմերի շարքին ։ Հարկ է նշել, որ համաշխարհային պրեմիերայից հետո ռեժիսորի կինը՝ Արիան Ասկարիդը, ով խաղացել է գլխավոր դերերից մեկը ֆիլմում, ճանաչվել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնի լավագույն դերասանուհի:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ եվրոպական ֆիլմերի փառատոնը հնարավորություն կտա կառուցել մշակութային երկխոսություն եւ ամրապնդել Հայաստանի եւ Եվրամիության միջև կամուրջները: <Հպարտ եմ, որ կինոփառատոնի ծրագիրը կընդգրկի նաև նոր ֆիլմեր, որոնց պրեմիերաները տեղի են ունեցել Հունաստանի, Կաննի, Վենետիկի կինոփառատոններում>, - ասել է նա: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է. <ՀՀ կառավարությունը խրախուսում է նման միջոցառումների անցկացումը, որոնք թույլ են տալիս միջմշակութային երկխոսության միջոցով ստեղծել հարթակներ, որտեղ մենք կարող ենք հարստացնել միմյանց մշակույթները և ստեղծել նոր հնարավորություններ>: Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն իրականացնում են մի շարք կարեւոր համատեղ ծրագրեր: <Մենք ունենք համագործակցության հարուստ փորձ, որը, վստահ եմ, ավելի կզարգանա>, - ասել է նա: