Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով Վյաչեսլավ Վոլոդինին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ սա նշանակալի իրադարձություն է, քանի որ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա լիագումար նիստ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն օրակարգային հարցերի լուծման եւ կոնսենսուսային որոշումներ կայացնելու արդյունավետ հարթակներից մեկն է: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվ եւ հետեւողականորեն աշխատում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, մշտապես իրականացնում է կարեւոր փորձագիտական աշխատանքներ: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ, իրականացվում են տնտեսական բազմաթիվ նախագծեր: Նա նշել է նաեւ, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը:
ՌԴ Պետդումայի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Վյաչեսլավ Վոլոդինն, իր հերթին, ը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ ջերմ ընդունելության համար՝ կարեւորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նաեւ՝ գործակցությունը միջազգային տարբեր հարթակներում: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում կքննարկվեն մի շարք կարեւոր օրակարգային հարցեր: Վոլոդինի ասելով, երկրների առջև ծառացած են ընդհանուր մարտահրավերներ, և դրանց դեմ պետք է համատեղ պայքարել։ Դա, մասնավորապես, միջազգային ահաբեկչությունն է։ "Ահաբեկչության դեմ միայնակ պայքարելն անհնար է", - նշել է Վոլոդինը: "Մեր խնդիրն է հնարավորինս շատ բան անել, որպեսզի գոյություն ունենան ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակներ", - հայտարարել է Պետդումայի նախագահը: Նա նաեւ նշել է, որ պետք է ստեղծել մոդելային օրենքներ եւ ամեն ինչ անել գլոբալ անվտանգության ապահովման համար: