Արմինֆո. Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմից եղել են բացթողումներ, որոնց մասին մեզ հայտնի է։ Այդ մասին նոյեմբերի 4-ին լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը "քառօրյա պատերազմի" շրջանում զբաղեցնում էր պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը կարող է հանդես գալ ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի առջեւ, նախարարը նշել է, որ պատրաստ է դրան, սակայն հանձնաժողովից համապատասխան հրավեր դեռ չի ստացվել։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանձնաժողովի ստեղծումը վկայում է նախորդ իշխանությունների բացթողումների մասին, նախարարը նշել է, որ ամեն դեպքում դրական արդյունքներ է ակնկալում հանձնաժողովի գործունեության արդյունքում: "Հասարակության շրջտանում բոլոր կասկածները, որոնք կապված են ապրիլյան պատերազմի հետ, կցրվեն։ Ինձ համար պարզ է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են հակառակորդի դավադիր գործողությունները։ Հայկական կողմից եղել են բացթողումներ, որոնց մասին մենք գիտենք, և որոնք վերլուծվել են։ ՊՆ համակարգի մասով մեզ համար պարզ է, թե ինչ եւ ինչպես է արվել", - հայտարարել է Տոնոյանը։
"Ես ակնկալում եմ, որ ապրիլյան պատերազմի հետաքննության նույնանման հանձնաժողով կձեւավորվի նաեւ մյուս կողմից", - հավելել է նախարարը:
Ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է ընթացիկ տարվա հունիսին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Նրա աշխատանքի նպատակն է բացահայտել այն ժամանակվա իշխանությունների կողմից հնարավոր սխալները, թերությունները կամ անգործությունը սահմանին իրավիճակի սրման վերոնշյալ ժամանակահատվածում, որը հանգեցրել է ավելի քան 100 հայ զինծառայողների մահվան: