Արմինֆո. Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, հավալելավ, որ «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»։
ՙԿենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ՚, - ընդգծել է մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ երկու օր շարունակ Երևանի կենդանաբանական այգու կենդանիների վրա թափառող շների հարձակման դեպքեր են գրանցվել։ Հոկտեմբերի 31-ին հարձակման զոհ էին դարձել երեք կենգուրու, իսկ հաջորդ օրը՝ երեք մուֆլոն։ Այս միջադեպերից հետո կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարական տվեց, ոչ երկիմաստ ակնարկելով, որ իր հեռանալուց հետո, հնարավոր է, կենդանիների վրա հարձակումները դադարեն։
Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանին առընթեր Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն Արմեն Բեգոյանն ավելի վաղ ԱրմԻնֆո-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ շների հարձակումների այս դեպքերը դետեկտիվ պատմություն են հիշեցնում, քանի որ մինչ այդ կենդանաբանական այգուն հարակից տարածքներից նման ահազանգեր չեն ստացվել: