Արմինֆո. Վերին Լարսի անցակետում կան ինչպես քաղաքական բնույթի, այնպես էլ վարչարարությանն առնչվող խնդիրներ։ Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է Եվրասիական ինտեգրման տարածաշրջանային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նրա խոսքով ՝ հանձնաժողովի անդամները շրջայց են կատարել հսկիչ անցակետում, որի ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են նաև Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված բեռնատար ավտոմեքենաների թույլատրելի բեռնման գերազանցմանը: Վրաց-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակով պայմանավորված քաղաքական խնդիրներից բացի, առկա են նաեւ վարչարարության անբավարար մակարդակի հետ կապված հարցեր: Պատգամավորը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը պատասխանատու է տրանսպորտի ոլորտի համար, մշտական կապի մեջ է իր ռուս գործընկերների հետ՝ անցակետում կուտակված ավտոմեքենաների խնդիրները օպերատիվ լուծելու նպատակով: Միքայել Մելքումյանը կարևորել է ԵԱՏՄ երկրների օրենսդրա-նորմատիվ բազայի սինխրոնիզացումը ՝ այդ երևույթը բացառելու նպատակով:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով Հայաստանի խոշորագույն բեռնափոխադրող-լոգիստիկ ընկերությունը՝ Spayka LLC-ն, հաղորդել էր, որ արդեն 16 օր է, ինչ ռուս մաքսավորները խոչընդոտում են հայկական պանրի եւ թարմ գյուղատնտեսական մթերքների ներկրումը ՌԴ տարածք: Վերին Լարսի անցակետում, ընդհանուր առմամբ, մնացել են ընկերության մի քանի բեռնատար մեքենաներ, որոնցում, բացի թարմ գյուղմթերքից, կա Հայաստանում արտադրված 20 տոննա բարձրորակ պանիր: Մաքսային գործառնություններն արագացնելու համար ընկերությունը ժամանակին մաքսավորներին է տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ներառյալ անասնաբուժական սերտիֆիկատները, արտադրության տեխնիկական պայմանները և այլն: Առավել համոզչության համար՝ առ այն, որ պանիրն իրականում արտադրվել է Հայաստանում, ընկերությունը, նույնիսկ, տեսանյութ է տրամադրել ՀՀ վարչապետի և Հայաստանում ՌԴ դեսպանի ներկայությամբ երկնագույն (բորբոսով) պանրի արտադրության ձեռնարկության պաշտոնական բացման մասին։ Ինչպես հայտնում է ընկերությունը, կապույտ բորբոսով պանիրը "Սպայկա" ընկերության նոր արտադրանքն է, որն իր տեխնոլոգիական պայմաններով և որակով լիովին համապատասխանում է եվրոպական լավագույն պանրագործների արտադրանքին: Այդ արտադրությունում ընկերության ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 15 մլն եվրո։ Ուշագրավ է, որ այս խնդրի մասին ընկերությունն առաջին իսկ օրն ահազանգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, սակայն հարցը մինչ օրս լուծված չէ։
Նշենք, որ "Էքսպորտ Արմենիա" (Export Armenia) փորձագետների ասոցիացիան կառավարության առջեւ բազմիցս բարձրացրել է "Վերին Լարս" անցակետում ռուսաստանցի մաքսավորների կամայականության հարցը: Նման պահվածքը վիժեցնում, վարկաբեկում է Մաքսային միության բուն գաղափարը, էությունը՝ որպես այդպիսին։ "ԵԱՏՄ ոչ մի երկիր նման խնդիր չունի՝ բացի Հայաստանից։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է հասնենք ԵԱՏՄ մյուս երկրների հետ լոգիստիկայի հավասար պայմանների ։ Հետևաբար, Հայաստանի բեռները չպետք է ենթարկվեն մաքսային վերահսկողության, ինչպես չեն ենթարկվում Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ռուսաստանի բեռները՝ միմյանց սահմանները հատելիս", - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ասոցիացիայի ղեկավար Էմիլ Ստեփանյանը։ Ասոցիացիան կառավարությանն առաջարկում է բարձրացնել Հայաստանի արտահանողների համար առանձին "կանաչ միջանցք" ստեղծելու հարցը։ "Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ "Վերին Լարս" անցակետին առնչվող խնդրի շտկմամբ կկրճատվեն արտահանողների լոգիստիկայի ծախսերը, դեպի ԵԱՏՄ երկրներ փոխադրման ժամանակը, ինչն, իր հերթին, կհանգեցնի հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման", - ասել է նա: