Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարարությունը հակառակորդին մեղադրել է հայ - ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը սրելու համար:
ՙԱդրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների՝ ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ ՙՄենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո՚, - ընդգծել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ՙՖեյսբուքի՚ իր էջում։ Ավելի վաղ նա հաղորդել էր, որ երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է Տավուշի մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ ՙՊատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան՚, - գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր Բաքվում ընթանում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, որի աշխատանքին Հայաստանը չի մասնակցում։
Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիրը
Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը, Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը, Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բահոդիր Կուրբանովը, Տաջիկստանի պաշտպանության նախարար Միրզո Շերալին և Ղրղզստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ռայիմբերդի Դույշենբիևը: Խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել ռազմական ոլորտում ԱՊՀ պետությունների փոխգործակցության հարցերի համալիր:
Առանցքային ուշադրություն կդարձվի մինչեւ 2025 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության հայեցակարգին, որի նախագիծն ուղղված է ռազմական ոլորտում համագործակցության նոր մակարդակի հասնելուն, արտացոլում է անվտանգության ապահովման եւ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ոլորտում ԱՊՀ պետությունների ազգային շահերն ու համատեղ գերակայությունները: Բացի այդ, կքննարկվեն ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի համար սպայական կադրերի պատրաստման, 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների եւ ռազմական համագործակցության ոլորտում այլ կարեւոր ուղղություններ:
Համատեղ աշխատանքի ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կվերլուծեն ռազմական համագործակցության զարգացման վիճակը, կնախանշեն հաջորդ տարվա եւ մոտակա հեռանկարի համատեղ միջոցառումները, կքննարկեն ԱՊՀ տարածքում պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գործընկերային փոխգործակցության այլ հարցեր: