Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 296 բանաձևի ընդունումը շարունակում է վրդովել Թուրքիային։
Արտաքին քաղաքական գերատեսչության մակարդակով երկու հայտարարություններից եւ ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ հրավիրելուց հետո ամերիկացի գործընկերների հասցեին քննադատությամբ են հանդես եկել Էրդողանի վարչակազմում: Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձեւը, մասնավորապես, Twitter - ում գրելով. "Նրանք, ովքեր մեղադրում են Թուրքիային ցեղասպանության մեջ, պետք է, առաջին հերթին, անդրադառնան իրենց պատմությանը, մասնավորապես, իրենց աջակցությունը վայելող ահաբեկչական կազմակերպությունների՝ ASALA-ի և PKK-ի արյունալի անցյալին", - գրել է Քալընը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, իր հերթին, Twitter-ում գրել է. "Այս փաստաթուղթը մտահոգություն է առաջացրել բոլոր նրանց մոտ, ովքեր կարևորում են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները։ Նրանք, ովքեր կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը, պատասխանատվություն են կրելու բարդ տարածաշրջանում Անկարայի և Վաշինգտոնի ռազմավարական հարաբերությունների վատթարացման համար։ Հայ եղբայրներին կոչ ենք անում իրենց պատմությունը չվերածել քաղաքական նպատակների հասնելու գործիքի։ Մենք հարյուրավոր տարիներ միասին ենք ապրել այս տարածաշրջանում։ Պատմությունը մեզ սովորեցրել է, որ արտաքին ուժերի միջամտությունը վնաս է հասցրել տարածաշրջանին և շատ տառապանքներ է պատճառել մեր հարաբերություններին"։
Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև, որի օգտին քվեարկել է 405 կոնգրեսական, դեմ՝ 11-ը։ Բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը եւ Գուս Բիլիրակիսը, ներկայացվել էր այս տարվա ապրիլին եւ ուղղված է Հայոց ցեղասպանության ժխտման մերժմանը, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկումը մեծացնելու կարևորությանը՝ հետագայում նման ոճրագործությունների կանխարգելման առումով: