Արմինֆո. ՀՀ պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով աշխատանքից ազատված մաքսային ծառայողը կարող է կրկին աշխատանքի ընդունվել ՊԵԿ համակարգում: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՙՍիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայումն պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար: Հ.Գ. Ապրիլից այսկողմ բազմիցս համոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը եւ այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով՚, - գրել է վարչապետը, հավելելով, որ առաջիկայում պատրաստվում է այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ: