Արմինֆո.Երեւանն ու Մոսկվան աշխատում են հուշագրի վրա, որը երաշխավորում է ռուս մասնագետների մուտքը Հայաստանում գործող կենսալաբորատորիաներ, որոնք ստեղծվել են Պենտագոնի միջոցներով: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում:
ՙԲայց անցյալ տարի Ձեզ հետ մեր զրույցից հետո, իմ անձնական հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ տրվեց այցելել այդ օբյեկտներ՝ համոզվելու, որ դրանք որևէ սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի համար: Դրանք ընդհանրապես չունեն ռազմական նշանակություն։ Սրանք կենսաբանական լաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով: Կարծում եմ, մեր ռուս գործընկերները համոզվեցին դրանում: Այս լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, դա շատ կարևոր է: Ի դեպ, այս լաբորատորիաներն արժեքավոր և կարևոր են Հայաստանի համար: Մենք շնորհակալ ենք նաև մեր ամերիկացի գործընկերներին, որ նրանք օգնեցին Հայաստանին, ֆինանսավորեցին այդ ժամանակակից լաբորատորիաները, որոնց աշխատանքն ուղղված է Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը: Փաստացի, սա նվեր է Հայաստանին, և շատ արժեքավոր նվեր՚, - ընդգծել է վարչապետը:
Կրկին անդրադառնալով վերը նշված հուշագրին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. ՙՄենք դեռ աշխատում ենք հուշագրի տեքստի վրա: Այս փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի մեր գործընկերներից որևէ մեկի մոտ չլինի որևէ անհանգստություն այդ լաբորատորիաների վերաբերյալ՚: