Արմինֆո. ՙՍիրիայի հյուսիսում կա Ղամիշլի քաղաք: Անտեղ բնակվում է մոտ երեք հազար հայ: Ես այս մասին խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում:
ՙՄենք մտահոգություններ ունեինք, և ես խնդրեցի Ռուսաստանի նախագահին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաշվի առնվի կոնկրետ Ղամիշլիի հայերի ճակատագիրը: Այն ժամանակ Թուրքիայի ներխուժման պատճառով այնտեղ լարվածությունը շատ մեծ էր: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին նրա համար, որ արդյունքում հաշվի են առնվել այս տարածքում բնակվող հայերի անվտանգության հարցերը: Հուսով ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն, և հայերի անվտանգության շահերը կշարունակվեն պահպանվել՚, - ընդգծել է վարչապետը:
Նա նշել է, որ Սիրիայում Ռուսաստանը շոշափելի ներկայություն ունի, և նրա դերն անվտանգության ոլորտում բավականին մեծ է: ՙՌուսաստանը շատ լծակներ ունի, որպեսզի նպաստի հայերի անվտանգությանը: Հայաստանը նույնպես առաքելություն ունի Սիրիայում: Սակայն մեր առաքելությունը մարդասիրական է, և այն ոչ մի կապ չունի անվտանգության խնդիրների հետ: Մենք շատ ուրախ ենք, որ այնտեղ իրականացնում ենք այդպիսի մարդասիրական առաքելություն՚, - նշել է Նիկլո Փաշինյանը:
Նա կարևորել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ միակ երկիրն է, որն իր ներկայացուցիչներին ուղարկել է Սիրիա: ՙԴա մեզ համար շատ կարևոր առաքելություն է: Ես այն համարում եմ պատմական: Այն հաջողությամբ իրականացվում և շարունակվում է՚, - ասել է վարչապետը: