Արմինֆո.Հայաստանը հավատարիմ է ԵՄ հետ արդյունավետ համագործակցությանը, նրան կարելի է վստահել՝ որպես գործընկերոջ։ ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) միգրացիոն երկխոսության եւ համագործակցության տնօրեն Մարտեյն Պլյույմը, որը Հայաստանում է գտնվում սահմանների համալիր կառավարման 2-րդ միջազգային խորհրդաժողովի անցկացման շրջանակում:
"Մենք կենտրոնացած ենք Հայաստանի հետ համագործակցության վրա, որը հեշտացնում է գործընկեր երկրների հետ Հայաստանի արդյունավետ գործունեությունը, մասնավորապես, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման առնչությամբ: Չնայած այն հանգամանքին, որ վիզաների հարցը անուղղակիորեն է վերաբերում մեզ, սակայն դա բարելավում է միգրացիայի տարբեր ուղղություններով աշխատելու հնարավորությունները, մասնավորապես, փախստականների անվտանգության և պաշտպանության հարցերում", - ասել է նա։
Մարտեյն Պլյույմը նաեւ նշել է, որ ICMPD ծրագիրն այս պահին նախագծեր է իրականացնում Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ, նպատակ ունենալով, առաջին հերթին, հասնել հանրապետության կառավարության սահմանած խնդիրների լուծմանը՝ միգրացիոն հոսքերի կառավարման տեսանկյունից:
Պլյույմի խոսքով՝ ընդհանուր հանձնարարականների շրջանակներում, որոնք պահանջել է ԵՄ-ն, մասնավորապես, վիզաների կեղծման կամ ազատականացման գործընթացի վերաբերյալ, միգրացիոն քաղաքականության կենտրոնը ակտիվորեն ներդրվել է այդ գործընթացներում՝ օգնելով Հայաստանի կառավարությանը հասնել այդ նպատակներին:
"Այսինքն, դա ներառում է, առաջին հերթին, ընթացակարգերի փոփոխություն կամ բարելավում, ազգային ռազմավարությունների մշակում, համագործակցություն սահմանապահ ծառայությունների, ՄԱԶԾ-ի մեր գործընկերների, ինչպես նաեւ Իրանի գործընկերների հետ։ Բայց, առաջին հերթին, մենք կցանկանայինք, որպեսզի իրավիճակը զարգանար այնպես, որ համագործակցության վերջում կամ գործընթացում ստեղծվեր այնպիսի իրավիճակ, երբ ԵՄ-ն կարող էր ապավինել Հայաստանի գործողություններին՝ վիզաների ազատականացման նպատակին հասնելու շրջանակներում, որպեսզի լինի բավականին վստահելի միջավայր։
"Ի վերջո, վիզաների հարցը քաղաքական որոշում է, բայց ԵՄ անդամ երկրների տեսանկյունից՝ Հայաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ, որպեսզի այդ որոշումը կայացվի ԵՄ-ի կողմից և բոլոր պահանջները կատարվեն։ Ես հիմա չեմ կարող կանխատեսումներ անել, թե Հայաստանի և ԵՄ միջև երբ առանց վիզայի ռեժիմ կմտցվի, չեմ կարող կանխատեսել որոշումները, որոնք կարող են կայացնել եվրոպական երկրները, մյուս կողմից, դա հարց է, որին պետք է պատասխան տալ՝ հաշվի առնելով ԵՄ առանձին անդամների կարծիքները։ Նախորդ շաբաթ Մակեդոնիայի և Ալբանիայի հետ բանակցություններ սկսվեցին ԵՄ անդամակցության շուրջ, այդ բանակցություններն առաջ չեն գնում, դա բացասական օրինակ է, բայց կան նաև դրական օրինակներ, և ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է և այդ քայլը կատարել", - հավելել է միգրացիոն քաղաքականության գծով տնօրենը:
Անդրադառնալով Հայաստանի երկկողմ վեկտորին, մասնավորապես, Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանն ու ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրմանը, Մարտեյն Պլյույմն ասել է. "Դուք գիտեք, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը անդամակցում է ԵԱՏՄ-ին, դա, իհարկե, անակնկալ էր Եվրոպայի մի քանի պաշտոնական մայրաքաղաքների համար, միաժամանակ, կարծում եմ, որ այս օրինակը շատ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանին կարելի է վստահել՝ որպես գործընկերոջ, Հայաստանը հավատարիմ է ԵՄ հետ արդյունավետ համագործակցությանը, և ես չեմ կարծում, որ ամենօրյա համագործակցության տեսանկյունից ԵԱՏՄ-ին անդամակցությունը ինչ-որ դժվարություններ կամ խոչընդոտներ է ստեղծում", - հավաստիացրել է նա։