Արմինֆո. "Կուսակցությունների մասին" օրենքում փոփոխությունները պետք է ուղեկցվեն ՀՀ սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Ազգային ժողովի գործունեությունը կարգավորող օրենքի, այլ իրավական ակտերի փոփոխություններով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքացու որոշում" կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը։
"Միայն այդ դեպքում, ըստ մեր պատկերացումների, հնարավոր կլինի ստանալ երկրի կառավարման համակարգի ապագա պատկերը։ Եթե փոփոխությունների ընդունման նախաձեռնողներն ունեն այս պատկերը, ապա այն պետք է հրապարակվի։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի գնահատել, թե արդյոք առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն կառավարման նոր համակարգի ձևավորման։ Իսկ նման պատկերի բացակայության պայմաններում այսօր մենք մասնակցում ենք շատ կասկածելի հեռանկարներ ունեցող գործընթացի", - ընդգծել է նա։
Հոկտեմբերի 18-ից Ազգային ժողովում ընթանում են "Կուսակցությունների մասին" սահմանադրական օրենքի շուրջ լսումներ, որոնց նախաձեռնողը "Իմ քայլը"դաշինքն է։
Ըստ Սահակյանի՝ իր կուսակցությունը այս լսումներից և "Կուսակցությունների մասին" օրենքի բարեփոխման գործընթացից, ընդհանուր առմամբ, ակնկալում է փոփոխություններ, որոնք անհնարին կդարձնեն առկա կուսակցական և քաղաքական համակարգի գոյությունը՝ նախադրյալներ ստեղծելով նոր համակարգերի ստեղծման և ամրապնդման համար: Թե՝ արդյոք նախատեսվող փոփոխությունները կարդարացնեն այս սպասումները, նրա գնահատմամբ, պարզ կդառնա միայն սպասվող փոփոխությունների հստակ նկարագրության ի հայտ գալուց հետո, և, ամենակարևորը, այդ փոփոխություններից ակնկալվող արդյունքում։
"Հասկանալի է, որ կուսակցությունների ֆինանսավորման և նրանց նկատմամբ վերահսկողության իրականացման գոյություն ունեցող գործիքակազմը Հայաստանում բավականին հեռու է կատարելությունից: Ընդ որում, կատարյալ կարգավորումներ և օրենքներ գոյություն չունեն, հետևաբար, ցանկացած օրենք կարելի է շրջանցել։ Այս լույսի ներքո՝ կուսակցությունների ֆինանսավորման նկատմամբ վերահսկողության համար անհրաժեշտ է ընդամենը քաղաքական կամք", - կարծում է նա։
Այս դեպքում ֆինանսական կարգավորումը, Սահակյանի գնահատմամբ, ենթադրում է մի իրավիճակի ստեղծում, երբ օլիգարխների կուսակցություններն ու նոր, ոչ հարուստ, սակայն գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները քաղաքական գործունեություն իրականացնելու համար կստանան հավասար հնարավորություններ։ Քաղաքական գործիչը համոզված է, որ իրական, գործուն փոփոխությունների ընդունման դեպքում հնարավոր կլինի փողի գործոնի համահարթեցում՝ քաղաքական գաղափարները քաղաքացիներին հասցնելու օգտին: