Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանումներ է տվել, թե ինչու արդեն երկրորդ օրն անընդմեջ ԱԱԾ են հրավիրվում Հրայր Թովմասյանի հայրն ու երկու դուստրերը: Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Նշվում է նաև, որ ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Սահմանադրական դատարանի նախագահի հայրը ՝ 75 - ամյա Վարդան Թովմասյանն, այսօր կրկին կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն ։
Մինչդեռ, ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ կառույցի գործողությունների: Հավաքվել է մոտ 50 մարդ, որոնց հիմնական մասը իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ Ակցիան տեղի է ունենում իրավաբան, իրավապաշտպան, <Իրավական ուղի> ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ: Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ-ի ներգրավումը քաղաքական գործընթացներում հարված է հասցնում վերջինիս հեղինակությանը: Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի հասցեին <իշխանության յուրացման> մեղադրանքներին, իրավապաշտպանը նշել է, որ դրանք միանգամայն անհիմն են:
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. <Այն ինչ տեղի է ունենում այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների շուրջ, ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է:Եթե մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն է անպաշտպան, ապա մենք յուրաքանչյուրս վտանգված ենք: Եթե գործադիր իշխանությունը թիրախավորի որևէ անձի, ապա նրան ոչինչ և ոչ ոք չի կարող պաշտպանել: Քրեական հետապնդման գործողությունները հանրային անձանց նկատմամբ պետք է հասարակության համար լինեն հասկանալի, հիմնավորված և արդարացված: Որպես փաստաբան պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի իրավունքների պաշտպանությունը>:
Հիշեցնենք, որ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի հիման վրա ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում: Նա նաև նշել է, որ ավելի վաղ ՀՔԾ քննիչն այցելել էր նաև ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ Հրայր Թովմասյանի կուսակցությանն անդամությունը կասեցնելու վերաբերյալ փաստաթղթերը առգրավելու նպատակով:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման օրինականությանը։ Պատգամավորը գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդման մեջ նշել է, որ Թովմասյանը 2018 թվականին այդ պաշտոնը ստանձնելիս թույլ է տվել օրենքի խախտում: Այսինքն ՝ Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են առանց համապատասխան դիմումի՝ այն ժամանակվա ԱԺ նախագահի գոյություն չունեցող հիմնավորման հիման վրա։ Ըստ Բաբաջանյանի ՝ պատգամավորական լիազորությունները չեն կարող դադարեցվել գոյություն չունեցող հիմնավորումներով։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ազգային անվտանգության ծառայության հետ երեկ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու և նրանց իրավունքների հետ կապված հարցեր։