Արմինֆո. Թուրքիայի հեռանկարները՝ որպես պետության, կամ նրա տրոհումն է կամ էլ նոր տարածքների գրավումը՝ թյուրքական աշխարհում քրդերին "լուծելու" նպատակով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
"Արդեն այսօր Թուրքիան հայտնվել է ժողովրդագրական ճգնաժամի առաջ։ Ընդ որում, այդ ճգնաժամը պայմանավորված է ոչ թե երկրի բնակչության անբավարար բնական աճով, այլ այն հանգամանքով, որ այդ աճն ապահովվում է, հիմնականում, քրդերի կողմից։ Ընդ որում, պայմանական Քրդստանի բնակչությունն աճում է ոչ միայն թվերով, այլև տարածվում է նրա աշխարհագրությունը։ Ասել է թե՝ քրդերն ավելի ու ավելի են շատանում այն տարածքներում, որտեղ ավելի վաղ նրանց թիվը շատ փոքր էր", - ընդգծել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, մի քանի տարի առաջ բարձրաձայնելով Թուրքիայում ժողովրդագրական խնդիրների առկայությունը և կոչ անելով թուրք մայրերին ավելի շատ ծննդաբերել, նկատի ունեցեր հենց քրդական խնդիրը։ Դանիելյանի կարծիքով՝ ժամանակն այսօր աշխատում է Թուրքիայի տարածքային ամբողջականության դեմ, իսկ այդ խնդրի լուծումներ չեն դիտվում։
"Հենց այս լույսի ներքո եմ ես դիտարկում "մեկ ազգ, վեց պետության" մասին Էրդողանի հայտարարությունները Բաքվում։ Այս լույսի ներքո պետք է դիտարկել նաև "թյուրքական աշխարհը բաժանող Զանգեզուրի" մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները։ Ընդ որում, մեծ հաշվով, Հայաստանի տարածքը խոչընդոտ է ոչ այնքան "թուրքական երազանքի" ճանապարհին, որքան քրդերից Թուրքիայի փրկության և դրա հետ կապված անմխիթար հեռանկարների խնդիր", - ամփոփել է քաղաքագետը։
Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ժամանակ պահանջներ է հնչեցրել Հայաստանի տարածքի նկատմամբ: "Նախչըվանը առանձնացված է Ադրբեջանի մայրցամաքային մասից։ Նրանց միջեւ տեղակայված է Զանգեզուրը ՝ ադրբեջանական հին հողը, որի հանձնումը Հայաստանին թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտում է ստեղծել", - հայտարարել Է Ալիեւը։