Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածի հետ:
ՙՁեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է՚, - ասվում է հաղորդագրությունում: