Արմինֆո. Աշխաբադում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում։
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ին հատուկ թղթակիցը, կարևորելով Հայաստանի վարչապետի այցը Թուրքմենստան՝ թե երկկողմ, թե բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է. «Կարծում եմ՝ մենք ունենք լավ հնարավորություն քննարկելու մեր հետագա համագործակցության հարցերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության ապահովման»: Թուրքմենստանի նախագահը գոհունակություն է հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությամբ և տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ։
Շնորհակալություն հայտնելով Թուրքմենստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. ՙՀաճելի է գտնվել Աշխաբադում։ Սա իմ առաջին այցն է Թուրքմենստան, որի ընթացքում հնարավորություն ունենք քննարկելու ոչ միայն բազմակողմ օրակարգին, այլև մեր երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր։ Վստահ եմ՝ մեզ կհաջողվի քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաները»:
ՀՀ վարչապետը նշել է, որ Կենտրոնական Ասիայում Թուրքմենստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ մեր երկիրն ունի արդյունավետ, կառուցողական փոխհարաբերություններ, և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ պետք է ակտիվացնել նաև տնտեսական համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության օրակարգին, տնտեսական կապերի և առևտրաշրջանառության աշխուժացմանը, տարբեր ոլորտներում առկա ներուժի իրացմանը վերաբերող հարցերի, ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարներին։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը կարևոր հիմք և ներուժ է՝ Հայաստան-Թուրքմենստան փոխհարաբերությունները սերտացնելու համար, և փոխադարձաբար պատրաստակամություն հայտնել՝ հնարավորինս խթանել համատեղ շահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները:
Հավելենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրաշրջանառությունը 2019թ. հունվար-օգոստոսին 79,4% անկում է գրանցել՝ կազմելով ընդամենը 4.4 մլն դոլար: Ընդ որում, հայկական ապրանքների արտահանումն աճել է 45,4% - ով ՝ մինչև 2.6 մլն դոլար, թուրքմենական արտադրողների արտադրանքի ներմուծման գրեթե 2 անգամ, մինչև 1.8 մլն դոլար անկման ֆոնին: