Արմինֆո. Իմ հիշողությամբ՝ Բաքուն պաշտոնապես ոչ մի անգամ չի բարձրացրել ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցը, նախընտրելով զարգացնել հարաբերություններն իրեն հարկավոր երկրների հետ՝ ցանկացած ինտեգրացիոն կազմակերպությունից դուրս: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը։
"Նման տրամաբանության շրջանակում Ադրբեջանը բավականին զարգացած հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Նմանապես զարգացնում է դրանք այլ երկրների հետ, անկախ այն հանգամանքից, թե աևդյոք դրանք գտնվում են Արեւմուտքում, Արեւելքում, Հյուսիսում կամ Հարավում: Այսինքն՝ անում է այն, ինչ չի կարող իրեն թույլ տալ Հայաստանը", - նշել է նա։
Դիվանագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը չի կարող գործընկեր կամ դիտորդ դառնալ ՀԱՊԿ-ում, նույնիսկ, նման ցանկության առկայության դեպքում։ Առաջին հերթին, վետոյի իրավունքի ուժով, որով ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, օժտված է Հայաստանը։ Ըստ Նավասարդյանի ՝ կանոնադրության խախտում հնարավոր չէ, իսկ եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, Հայաստանը, պարզապես, ստիպված կլինի դադարեցնել անդամակցությունն այդ կազմակերպությանը։
Ընդ որում, ըստ Նավասարդյանի, Մոսկվան՝ ինքը, չի կարող մեծ հիացմունքով վերաբերվել նման հեռանկարին, հաշվի առնելով, որ Ադրբեջանի մուտքը ՀԱՊԿ կնշանակի այդ կազմակերպության թյուրքական թևի լուրջ ակտիվացում, ինչը, միանշանակ, չի բխում Ռուսաստանի շահերից։
Այդ լույսի ներքո՝ դիվանագետն ափսոսանքով նշել է, որ Երեւանին չի հաջողվում ՀԱՊԿ ղեկավարության ուշադրությունը հրավիրել ադրբեջանական էքսկլավ Նախիջեւանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մասնավորապես, Հայաստանի հետ սահմանին ընթացող ռազմական զորավարժություններին եւ այդ տարածքում ավելի ու ավելի մեծ թվով թուրքերին։ Մինչդեռ, նրա գնահատմամբ, նման իրավիճակը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի ողջ հարավի համար։
Նրա գնահատմամբ՝ Երեւանը պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկի Բաքվից բխող ռազմական սպառնալիքի չեզոքացման ուղղությամբ։Իսրայելում Հայաստանի դեսպանության առաջիկա բացումը դիվանագետը դիտարկում է, առաջին հերթին, որպես Իրանի, Թուրքիայի եւ Սիրիայի հետ Իսրայելի հարաբերություններում հայկական գործոնի կիրառման հնարավորություն: Ինչպես նաեւ Երուսաղեմ-Բաքու ռազմական համագործակցության համահարթեցման ուղղությամբ աշխատանքները: Հնարավորություն, որը Հայաստանը, նրա կարծիքով, անտեսել է վերջին 3 տասնամյակում։