Արմինֆո. Ամուլսարի հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում է օրթոդոքսությունը: Այդ մասին նա սեպտեմբերի 22-ին հայտարարել է Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ։
Վարչապետի ասելով, Ամուլսարի հարցում իր ամենամեծ դժբախտությունն այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետն անկախ ամեն ինչից։ «Մի մասն ասում է Ամուլսարը սար է, ինչ ուզում է, լինի, աշխարհն էլ կեսից քանդվի, պետք է Ամուլսարը մնա սար, մյուս մասն ասում է աշխարհը քանդվի, Ամուլսարը պետք է շահագործվի։
Ես ուրիշ բան եմ ասում. ասում եմ՝ մենք հայ հանրության եւ միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ եւ մինչեւ վերջ գնանք ճշմարտության հետեւից։ Հիմա դա էկոլոգիական աղետ է, թե՞ էկոլոգիական աղետ չի, այդ հարցի պատասխանը դե ֆակտո եւ դե յուրե ես պետք է ստանամ։ Շատերը հիմա ինձ արձագանքելու են, թե էդ ի՞նչ ես խոսում, պարզ չի՞։ Ո՛չ, պարզ չի, որովհետեւ այդ մարդկանցից շատերը ասում էին, կառավարության անդամներ էին մտել իմ սենյակ, ասում էին հենց հիմա փակի, Թեղուտի հանքը հիմա փակի, քանդվում է, հազարավոր զոհեր կլինեն… բայց պարզվեց՝ ճիշտ չեն ասում»,- նշել է նա։ Վարչապետի ասելով, Ամուլսարի հարցը շատ կարեւոր հարց է թե տնտեսական, թե էկոլոգիական առումով․«Ես հանքը բացելու կամ չբացելու խնդիր չեմ դրել, ես ասել եմ, որ պետք է գնալ ճշմարտության հետևից։ Ես «Լիդիանի» ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ եթե պարզվի, որ այն ստանդարտներով, որոնք դուք ասում եք, կարղ ենք հանքը շահագործել, ես ձեզ կաջակցեմ, եթե ոչ՝ բացառվում է ես ձեզ աջակցեմ», - ասել է Փաշինյանը։
Նրա ասելով, Ամուլսարի հարցում իրեն օրթոդոքսությունն է անհանգստացնում․ «Ինձ այս հարցում անհանգստացնում է օրթոդոքսությունը, որ այդպես է ու վերջ։ Տեղեկացված որոշում է պետք կայացնել։ Ես համաձայն չեմ, որ ում ճնշումը մեծ եղավ, նրա ճնշման տակ պետք է որոշում կայացնենք։ Համենայն դեպս, ես եւ կառավարությունը որեւէ ճնշման տակ չպետք է որոշում կայացնենք»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր, որ այս պահին Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որեւէ իրավական հիմք չկա: Նիկոլ Փաշինյանը նաև Ջերմուկի բնակիչներին պաշտոնապես կոչ է արել բացել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները: