Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջերս արված հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներն ամբողջությամբ տեղավորվում են Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ Երևանի կառուցողական դիրքորոշման մեջ ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը։
Մարտի 30-ին Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վերաձեւակերպել է <տարածքներ՝ խաղաղության դիմաց> բանաձեւը <նոր պատերազմ՝ նոր տարածքներ>-ով: Նա նշել է, որ ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ: <Մենք խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք, և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք>,- հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
<Այդ դիրքորոշումը հայտնի է. հայկական կողմը շարունակում է հակամարտության կարգավորումը տեսնել բացառապես խաղաղության և փոխզիջումների հունով։ Մյուս կողմից ՝ Երևանը Տոնոյանի շուրթերով հստակ մեսիջ է ուղարկում Բաքվին՝ Իլհամ Ալիևի արկածախնդիր արարքների կրկնության դեպքում Ադրբեջանի համար էականորեն ավելի ծանր հետևանքների մասին, քան 2016 թ. ապրիլին էր>,- ընդգծել է փորձագետը: Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը, ըստ Վերանյանի, ոչ այլ ինչ է, քան զսպվածության կանխարգելիչ կոչ, որը մեծ հաշվով ուղղված է արցախա-ադրբեջանական շփման գծում կայունության պահպանմանը։ Այսպիսով, փորձագետի կարծիքով, այս հայտարարությունը պետք է դիտարկել բացառապես քաղաքական հարթությունում ՝ բանակցային գործընթացի ընթացիկ ազդակների համատեքստում ։
Ապրիլի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ տարածված հերթական հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի <նոր պատերազմ՝ նոր տարածքներ> հայտարարությունը հարցականի տակ է դնում երկարամյա բանակցային գործընթացն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: <Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու գործողությունները, այդ թվում ՝ նոր ձևակերպման ներկայացումը բացարձակապես անընդունելի են>,- նշվում է հայտարարության մեջ: