Արմինֆո.«Անհատական գործընկերության ծրագրի՚ (IPAP) շրջանակներում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ծրագրի համաձայնեցման որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը` մարտի 11-ին Երեւանում ՆԱՏՕ-ի շաբաթվա բացմանը նվիրված մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, ավարտին է մոտենում 5-րդ ծրագրի իրականացումը, եւ, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տարվա երկրորդ կեսին արդեն կսկսվի 6-րդ ծրագրի իրականացումը, որը կընդգրկի 2020-ից մինչեւ 2022 թվականն ընկած ժամանակահատվածը: «Կանոնակարգի համաձայն, քանի դեռ նոր ծրագիրը համաձայնեցված չէ եւ հաստատված չէ, փոխգործակցությունը շարունակվում է հին ծրագրի շրջանակներում: Հայաստանի կառավարության ծրագրում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առաջնահերթությունները վկայում են մեր հարաբերություններում որեւէ քաղաքական հարցի բացակայության մասին: Սա համապարփակ փաստաթուղթ է, որը պահանջում է համաձայնեցում, սակայն ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի և համապատասխան հունով՚, - հավաստիացրել է Եդիգարյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը, իր հերթին, գտնում է, որ համագործակցության ծրագրի համաձայնեցումն իրականացվում է ժամանակացույցի համաձայն: «Բնական է, որ այս գործընթացի վրա ազդում են բյուրոկրատական քաշքշուկները, բայց` ոչ ավելին։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում այդ գործընթացում հնարավոր չէ քաղաքական ենթատեքստեր տեսնել՚, - եզրափակել է Այվազյանը ։
Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցությունը ներկայում կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan-IPAP) ծրագրին համապատասխան, որն ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին: IPAP-ին Հայաստանի մասնակցությունը ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերով պարբերական խորհրդատվությունների անցկացում, այդ անվտանգության ռազմավարության, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական եւ բյուջետային պլանավորման գործընթացի կատարելագործում եւ այլ հարցեր: 2017-2019 թվականների IPAP-ը ստորագրվել է 2017 թվականի ապրիլին։