Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձեւաչափը չի կարող փոխվել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարի հետ հանդիպման ժամանակ:
«Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւերի, միջազգային սկզբունքների վրա` հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասել է Ալիեւը, հավելելով, թե «հայկական կողմի հակասական պաշտոնական հայտարարությունները անընդունելի են եւ խոչընդոտում են բանակցային գործընթացին»:
Ադրբեջանի նախագահը նաեւ գոհունակություն է հայտնել միջազգային նորմերի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտության, ստատուս քվոյի պահպանման եւ բանակցությունների ձեւաչափի փոփոխման անթույլատրելիության մասին մի շարք եվրահանձնակատարների հայտարարությունների առնչությամբ:
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ առաջիկա հանդիպումը, ի թիվս այլ բաների, կլինի նաեւ բանակցային ձեւաչափի հարցին: «Մենք հավատում ենք, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ լուծման համար, առաջին հերթին, անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ ձեւաչափ` բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ», - հայտարարել է Փաշինյանը: