Արմինֆո. <ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն ստեղծվեց նոր հանդիպումներ անցկացնելու համար՝ առաջնորդների, արտգործնախարարների միջև:
Նոր հանդիպումներն արդեն իսկ առաջընթաց են> Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը՝ պատասխանելովա յն հարցին, թե Եվրամիությունն ինչպես կարող է ավելացնել աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման արագացման ուղղությամբ:
<Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք: Բայց շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները: Եվ մենք դրսից՝ որպես Եվրամիություն, ի՞նչ կարող ենք անել: Մենք կարող ենք ամբողջ տարածաշրջանին աջակցել, կարող ենք նպաստել երկրների միջև համագործակցությանը տարբեր ոլորտներում: Այսինքն՝ հնարավորությունները պետք է շատ լինեն, և որոշ բաներ ժամանակ են պահանջում: Բայց կարծում եմ, որ տարածաշրջանում պայմանները բավականին նպաստավոր են հետագայում տարածաշրջանային իրավիճակը բարելավելու համար: Մենք պետք է աջակցենք, բայց միայն կողմերի խնդրանքով և պահանջով, որովհետև կողմերը գիտեն ինչ անել, ինչպես աշխատել միմյանց հետ, և մենք պետք է ուղղակի պատրաստ լինենք աջակցել, եթե կողմերը մեզ դրա մասին խնդրեն>,- ասել է Հանը: