Արմինֆո. <Պետք է կարողանանք որոշումներ կայացնել. գնում ենք նեղ անձնային, խմբային շահեր սպասարկելու, թե՞ ճիշտ հակառակը, դրանք մեծամասնության շահին ստորադասելու ճանապարհով: Սա ընտրություն է, որը պետք է կայացնել>,- հայտարարել է
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ մեկնաբանելով 10 հազար պետական աշխատողների կրճատման վերաբերյալ տարածված լուրերը:
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր այդ փաստաթուղթը, որում խոսվում է 10 հազար պետական աշխատողների ենթադրվող կրճատման մասին: Փաստաթղթի հեղինակները, որպես փաստարկ նշում են հետևյալը. <…Անգամ, եթե մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ (տուժվեն), ապա դրանից շահելու է հայոց պետականությունը և ողջ հասարակությունը՝ շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացի>:
Նախարարի խոսքով, իշխանությունները չեն պատրաստվել որևէ բան թաքցնել: <Հետևաբար՝ բացահայտման մասին խոսելը տեղին չէ։ Ի դեպ, դա անելը հնարավոր էլ չէ>,- հայտարարել է նա:
Ըստ որում, ինչպես նշել է Ջանջուղազյանը, փաստաթղթում հստակ թիվ էլ չկա, որ այսքան մարդ պետք է կրճատվի, իսկ 10 հազարը պայմանական թիվ է: <Փաստաթղթի ձևակերպումն ընդամենը վերաբերում է այն բանին, որ եթե անգամ խոսքը վերաբերի այսպիսի ելքի, պետք է համեմատել այդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել այդ թվի հարաբերական կամ, պայմանականորեն ասած, տուժելուց։ Ընդ որում, <տուժելը> փակագծում է ներառված: Դա, մեր կարծիքով, չի կարող երբեք վերաբերել նրանց, ովքեր ստեղծում են արդյունք>,- պարզաբանել է ֆինանսների նախարարը:
Նա ընդգծել է, որ այդ փաստաթղի նպատակը ամենևին կրճատումների վրա կենտրոնացումը չէ, ընդհակառակը, դա շատ լավ արտահայտված է կառավարության ծրագրում, թե ինչպիսի գործընթաց է նախատեսվում իրականացնել կառավարումը օպտիմալ դարձնելու ուղղությամբ: <Մենք փորձում ենք եղած միջոցները օգտագործել լավ արդյունք ստանալու համար։ Խոսքն ամենևին չի վերաբերում փող կրճատելուն: Փորձ է արվում ծախսվող փողի դիմաց առավելագույն արդյունք ստանալու խնդիր լուծել>,- ասել է Ջանջուղազյանը՝ կոչ անելով բոլորին համախմբվել այս հարցի շուրջ։ <Բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ մեր երկրում շատ դժվարությամբ գեներացված եկամուտները, որոնք պետական բյուջեն ստանում են, օգտագործվեն առավելագույնս արդյունավետ>,- ասել է նա: