Արմինֆո. Երևանում բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ Երևանի քաղաքապետի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը:
Ցուցարարները բողոքում են Խորենացի 13 հասցեում գտնվող կրթության և գիտության նախարարության նախկին շենքի քանդման դեմ: Նրանք բարբարոսական գործողություն են որակում դա: Ակցիայի մասնակից Նարեկ Սիմոնյանը նշել է, որ իրենք կշարունակեն հետևել Մարությանի գործողություններին և անհրաժեշտության դեպքում իրենց բողոքը կհայտնեն:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակե հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը: <Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: 2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիսե ՓԲԸ-ն, որը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի և 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա: Ի դեպ, ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը: Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետևանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է>,- նշվում է քաղաքապետարանի պարզաբանման մեջ: