Արմինֆո. Պաշտոնական Բաքուն արձագանքել է հարձակողական զենք ձեռք բերելու եւ անհրաժեշտության դեպքում առաջին հարված հասցնելու հնարավորության մասին Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարություններին:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ նման հայտարարությունները ծառայում են որպես «Հայաստանի ակնհայտ ագրեսիվ քաղաքականության ցուցանիշ»: «Անհնար է Ադրբեջանին ահաբեկել Հայաստանի պաշտոնատար անձանց քարոզչական բնույթի նման էժանագին հայտարարություններով: Հայաստանի նախարարը թող չմտածի, թե այժմ անկախության առաջին տարիներն են, երբ 1990-ականների սկզբին, օգտվելով այն բանից, որ Ադրբեջանը համակված էր ներքին պառակտումներով, Հայաստանը զավթեց Ադրբեջանի հողերը: Այսօր Ադրբեջանը նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ բավականաչափ ուժեղ, պրոֆեսիոնալ, վճռականույթյամբ լի, հայրենասեր զինված ուժեր ունի, որոնք ի զորու են ազատագրել օկուպացված հողերը», - հավաստիացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ այսօր հայկական բանակը ձեռք է բերում սպառազինություն, որը թույլ կտա չեզոքացնել հակառակորդի հնարավոր ոտնձգությունները: «Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում՚, - հայտարարել է Տոնոյանը, հավելելով, որ եթե հարցը գնա մարտական գործողությունների վերսկսման ճանապարհով, մենք չենք սպասի, և չի բացառվում նախահարձակ լինելու տարբերակը` եթե դա լինի օրվա իմպերատիվը: