Արմինֆո. Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավով փաստել է Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուսաստանցի որոշ գործընկերների մասնակցության մասին:
Ելույթ ունենալով ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նիստում, Միրզոյանը, մասնավորապես, ասել է. <Պետք է ցավով արձանագրեմ, որ չնայած մեր երկրների միջեւ բարձր մակարդակի եւ դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետեւողական ջանքերին՝ ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ բառացիորեն երեկ դարձան վառ արտահայտված հակահայկական միջոցառման մասնակիցներ Բաքվում՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խաթարմանը: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում այս միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը>: Այդ ամենը, Միրզոյանի խոսքով, ավելի արդիական է դառնում հատկապես այս օրերին, երբ աշխարհի հայերը հարգում են ավելի քան երեսուն տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթյան գազանաբարո կոտորածի զոհերի հիշատակը, որը դարձավ հայերի, ռուսների եւ հրեաների դեմ ուղղված ծրագրի նախերգանքը՝ սկիզբ դնելով լայնամասշտաբ էթնիկ զտումների քաղաքականությանը: Դա հանգեցրեց Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի եւ այլ քաղաքների հայ բնակչության զանգվածային արտագաղթին: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ առումներով բնական արձագանք էր հայ բնակչության ամբողջական ոչնչացման նպատակային քաղաքականությանը: