Արմինֆո.Մնալով հավատարիմ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր սկզբունքներին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) հայտարարում է Բաց դռների օր:
Միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակը և խթանել իրազեկությունը հատկապես բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ։ Այն տեղի կունենա ս․թ․ մարտի 2-ին՝ ժամը 11:00-ից 15:00-ն, HSBC Հայաստանի՝ Հանրապետության հրապարակի մասնաճյուղում (հասցե`Վազգեն Սարգսյան փողոց 9)։ Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար:
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան HSBC Հայաստանի մասնագետներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը մի շարք թեմաների, ինչպես օրինակ՝ ֆինանսների և խնայողությունների արդյունավետ կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, բանկային պրոդուկտների հետ կապված ռիսկերի գնահատման և կառավարման, ծախսերի օպտիմալացման և այլնի վերաբերյալ։
HSBC-ն կարևորում է ֆինանսական գրագիտությունը՝ որպես ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու կարևոր գրավականներից մեկը։ 1996 թվականին Հայաստանում հիմնադրվելուց ի վեր HSBC Հայաստանն իրականացրել և ֆինանսավորել է աշակերտների և ուսանողների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Անգլերենը և աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» Բրիտանական խորհրդի և «Աշակերտական գործարար ընկերություն» Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության հետ համատեղ։ Բացի այդ HSBC Հայաստանի աշխատակիցները տարբեր ծրագրերի շրջանակներում կամավոր սկզբունքներով մեկ տարվա ընթացքում իրականացրել են ընդնահուր 1800 ժամ տևողությամբ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացներ Հայաստանի տարբեր մարզերում։