Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ դրական է գնահատում Իրանի և Հայաստանի միջև ներկայիս կապերը:
«Ավելին, մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը տարբեր կրոնների և քաղաքակրթությունների միջև միջմշակութային երկխոսության և համակեցության լավ օրինակ է, որը նաև հանդիսանում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստող կարևոր գործոն: Հենց այս դարավոր ամուր կապերի վրա է խարսխված փոխըմբռնման և փոխշահավետության սկզբունքներով առաջնորդվող մեր համագործակցությունը: Իրանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության մասն են, և մենք հանձնառու ենք առավել զարգացնելու մեր բարիդրացիական հարաբերությունները՚, - հայտարարել է Հայաստանի վարչապետը «Իռնա» իրանական լրատվական գործակալության հետ հարցազրույցում:
Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ, արձանագրել է, որ առկա է դեռևս չօգտագործված ներուժ, հատկապես առևտրատնտեսական ոլորտում: «Վստահ եմ, որ տարբեր մակարդակում տեղի ունեցող շփումները և երկխոսությունը նպաստում են նաև այդ ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերի ուղենշմանը՚, - ասել է վարչապետը:
Անդրադառնալով Թեհրան իր այցի օրակարգին անռչվող հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայ-իրանական հարաբերություններն ունեն հարուստ և ընդգրկուն օրակարգ, և իմ այցի նպատակն է առաջ մղել այն: Այս այցը կարելի է համարել մեր երկու երկրների միջև առկա կանոնավոր երկխոսության հերթական հանգրվանը, որի ժամանակ քննարկելու է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ողջ շրջանակը: Անդրադառնալով օրակարգի կարևոր հարցերին, հարկ է նշել, որ մեր հարաբերություններում ի հայտ է եկել մի նոր բաղադրիչ: Այն առնչվում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրին, որը մասնակից երկրների համար առևտրային և ներդրումային ոլորտներում նոր հեռանկարներ կբացի: Ինչպես գիտեք, այն գտնվում է վավերացման փուլում: Հուսով եմ, որ մոտ ապագայում իրավական գործընթացը կավարտվի և գործնական արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա: Ինչ վերաբերում է ստորագրվելիք փաստաթղթերին՝ կողմերը ներկայումս աշխատում են մի շարք փաստաթղթի վրա՝ նպատակ ունենալով դրանք նախապատրաստել ստորագրման այցի ընթացքում։ Միևնույն ժամանակ նշեմ, որ հայ-իրանական բազմաբնույթ հարաբերություններն այսօր համակարգվում են արդեն իսկ ստորագրված ավելի քան 180 փաստաթղթով: Այսինքն, առկա է համագործակցության զարգացման համար հարուստ իրավապայմանագրային դաշտ՚: