Արմինֆո. Ռալֆ Յիրիկյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին:
Արմեն Մուրադյանը պատմեց կենտրոնի ստեղծման պատմությունը, ինչպես նաև ներկայացվեցին կենտրոնի հնարավորություններն ու ծառայությունները, հատուկ ընդգծվեց նաև, որ կենտրոնը, ինչպես և իրենք վիրավոր զինվորներն են ասում, զինվորի տուն է, այստեղ նրանք ոչ միայն բուժվում են, այլև ինտեգրվում տարատեսակ սոցիալական ծրագրերում, մասնակցում միջոցառումների: Աշխատանքներ են տարվում նաև տղաների՝ մասնագիտության ձեռք բերման, զբաղվածության ապահովման ուղղությամբ:
Ռալֆ Յիրիկյանը շրջեց հիվանդասենյակներում, խոսեց վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Նրա ուշադրությանն արժանացան նաև այն վերջին սերնդի սարքավորումները, որոնց միջոցով մասնագետներն իրականացնում են զինվորների առողջության վերականգնման աշխատանքները:
Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը խոսեցին նաև հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերի մասին: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրեց նաև, որ Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները օգնում և աջակցում են վերականգնողական կենտրոնում բուժվող յուրաքանչյուր անձի:
Զրույցի ընթացքում բազմաթիվ հարցերից բացի քննարկվել է նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:
Հանդիպման վերջում Ռալֆ Յիրիկյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով այլև ջերմ միջավայրով: