Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի ընթացքում նրանց վրեստին ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Խիկմետ Գաջիեւը, հաղորդում է «Թրենդը»:
Նա նշել է, որ եթե ուշադրություն դարձնենք հակամարտության կարգավորման գործընթացին, ներկայումս հայաստանյան կողմից որոշակի դժգոհություններ են հնչում, որոնք վնասակար են բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն: Միեւնույն ժամանակ, նա հերթական անգամ Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ապօրինի գործունեության՚ համար, հավաստիացնելով, որ դա լուրջ խնդիրներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Նրա ասելով, հայկական կողմը «շահագործում է Ադրբեջանի բնական եւ հանքային հարստությունը` դրանք մատակարարելով համաշխարհային շուկաներ»: «Սակայն, հայկական կողմը չի կատարում միջազգային օրենքները: Ադրբեջանական կողմի դիմումի հիման վրա փաստերը ուսումնասիրող ԵԱՀԿ առաքելությունը դիտարկւոմ է անցկացրել Ադրբեջանի օկուպացված տարածքներում, եւ Հայաստանի ապօրինի գործունեությունը հաստատվել է: Հայաստանի այս անօրինական գործունեությունը խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանը դիմում է միջազգային կազմակերպություններին եւ այլ պետություններին, որպեսզի նրանք իրենց իրավաբանական եւ ֆիզիկական անձերին արգելեն Ադրբեջանի օկուպացված տարածքներում գործունեություն իրակնացնել», - ասել է նա, հավելելով, որ Ադրբեջանը կշարունակի այս հարցը բարձրացնել միջազգային հարթակներում: