Արմինֆո. Հայ զինվորականներին Սիրիա ուղարկելու օրինակով հերթական անգամ համոզվեցինք որ Հայաստանը կարող է օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցող մարդկանց: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մերձավոր Արևելքի ինստիտուտի /Մոսկվա/ նախագահ Եվգենի Սատանովսկին:
Նշենք, որ փետրվարի 8-ից Սիրիայում գտնվող ՀՀ ԶՈւ զորակազմը փաստացի գտնվում է ռուսական խմբավորման կազմում:
<Նրա կարծիքով, դրանում է դրսևորվել Հայաստանի տարբերությունը, այսպես կոչված, Արևմտյան աշխարհի երկրների մեծ մասից: Ըստ որում, հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են ոչ միայն Սիրիայում մեր գործողություններին Երևանի աջակցության հետ կապված, ինչի համար, իհարկե, շնորհակալ ենք: Կարծում եմ՝ հայ զինվորականներին Սիրիա ուղարկելը Հայաստանի համար նաև դիրքավորման հարց է. նման քայլը կարող է զգալիորեն ամրապնդել Երևանի միջազգային հեղինակությունը>,- ընդգծել է վերլուծաբանը:
Միաժամանակ Սիրիայում գործողություններին մասնակցելը, նրա խոսքով, համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին, քանի որ հայ մասնագետներն, ամենայն հավանականությամբ, կմեկնեն հայ համայնքի մնացորդների բնակության շրջաններ: Դա իր հերթին էլ ավելի կամրապնդի հայ-սիրական հարաբերությունները:
Մեկնաբանելով Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու առնչությամբ ԱՄՆ բացասական արձագանքը՝ Սատանովսկին ենթադրել է, որ Վաշինգտոնը կշարունակի օգտագործել ցանկացած հնարավորություն, որպեսզի փչացնի հայ-ռուսական հարաբերությունները: Եվ դա՝ անկախ Սիրիայում Հայաստանի մասնակցությունից:
Փետրվարի 13-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության հրապարակած հայտարարությունում նշվում է, որ Պետդեպարտամենտը չի պաշտպանում ոչ ռազմական, ոչ մարդասիրական համագործակցությունը Սիրիայի բանակի հետ: Ընդ որում, Պետդեպարտամենտն ըմբռնումով է վերաբերվում Սիրիայում առկա իրավիճակին արձագանքելու այլ երկրների ձգտումը և կիսում է Մերձավոր արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության առնչությամբ մտահոգությունը:
Սատանովսկիի կարծիքով, այսօր ԱՄՆ-ը ձգտում էՀայաստանին ներգրավել սեփական նպատակների իրականացման գործում: Հետևաբար՝ պետք է հասկանալ, թե ինչպես և ինչ նպատակներով: Ըստ նրա, Հայաստանին որպես Ռուսաստանի դեմ գործիք օգտագործելը լիովին կարող է հանգեցնել Հայաստանի ոչնչացման: <Այդ պատճառով Երևանը պետք է ղեկավարվի բացառապես սեփական, այլ ոչ թե՝ ամերիկյան շահերով: Պատմությունը դրա լավագույն հավաստումն է>,- ամփոփել է վերլուծաբանը: