Արմինֆո. Հայաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատելու է Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի նախագծում:
Փաստաթղթի համաձայն, Հայաստանի կառավարությունը կշարունակի Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների զարգացումը՝ այդ նպատակը դիտարկելով կառավարության գլխավոր առաջնահերթությունների թվում։ Փաստաթղթում նշվում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ «Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ՚, - ասվում է փաստաթղթում: