Արմինֆո. Աբխազիայով և Հարավային Օսիայով փոխադրամիջանցքների նկատմամբ Մոսկվայում իրական հետաքրքրության ի հայտ գալու համար անհրաժեշտ է ապահովել դրանց ելքն Իրան և Պարսից ծոցի մյուս երկրներ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության բնագավառի փորձագետ Վահե Դավթյանը:
«Ռուսաստանի, Վրաստանի և շվեյցարական SGS ընկերության միջև 2011 թվականից վարվող բանակցություններում էական տեղաշարժն, անշուշտ, հույս է ներշնչում, որ Հայաստանը կստանա տրանսպորտային լոգիստիկ դիվերսիֆիկացման տեսանկյունից միանգամայն կարևոր միջանցքների օգտագործման հնարավորություն: Ընդ որում, այդ պայմանավորվածություններն ավելի շատ տեղավորվում են աշխարհաքաղաքական, քան տնտեսական տրամաբանությունում, քանի որ Ռուսաստանն այդ բանակցություններին մասնակցում է վերջապես ԱՀԿ անդամության հասնելու նպատակով: Ընդհանուր առմամբ, Մոսկվան բավականին թերահավատորեն է գնահատում այդ նխագածի վերջնական իրագործումը: Իսկ ռուսաստանցի դիվանագետներն արդեն հայտարարում են ձեռք բերված պայմանավորվածությունների ոչ նշանակալի լինելու մասին` նկատի ունենալով դրանցում իմպերատիվ բաղադրիչի բացակայությունը՚, - ընդգծել է փորձագետը:
Փետրվարի 5-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտին» հաղորդել էր, որ Մոսկվան եւ Թբիլիսին ավարտել են 2011 թվի «Ապրանքների առեւտրի մաքսային վարչարարության եւ մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի գործնական կատարման համար անհրաժեշտ ընթացակարգերը։ «Փետրվարի 6-ին, ինչպես ակնկալում ենք, Ժնևում տեղի կունենա Ռուսաստանի և Վրաստանի միջգերատեսչական պատվիրակությունների հանդիպում, որին կմասնակցեն նաև շվեյցարական SGS ներկայացուցիչներ: Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ հանդիպման արդյունքին, հուսով ենք, որ այն կլինի դրական: Եթե ամեն ինչ այդպես լինի, ապա մենք, վերջապես, կարող ենք ձեռնամուխ լինել այն պայմանավորվածությունների իրագործմանը, որոնք ձեռք են բերվել 2011 թվականին՚, - նշել է փոխարտգործնախարարը: Ընդ որում, Գրգորի Կարասինը կոչ էր արել չշտապել Վրաստանի կամ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման ակնկալիքների հարցում:
Ավելին, համաձայնագրում Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին նույնիսկ հիշատակման բացակայությունը, փորձագետի կանխատեսմամբ, կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել բեռնափոխադրումների անվտանգ իրականացման համար: Այդպիսով, Դավթյանի կարծիքով, խնդիրը շատ ավելի խորն է և առնչվում է, առաջին հերթին, Ռուսաստանի աչքերում այդ միջանցքների լուրջ աշխարհատնտեսական նշանակության բացակայությանը:
Նրա գնահատմամբ, իրավիճակը կարող է փոխվել, եթե չճանաչված հանրապետություններով անցնող միջանցքները ձեռք բերեն տարանցիկ նշանակություն, ինչը թույլ կտա էապես ավելացնել բեռափոխադրումների ծավալը, օրինակ, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գաղափարի օրակարգ վերադարձմամբ, ինչը Ռուսաստանին թույլ կտա Հայաստանով և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջանցքներով ուղիղ տրանսպորտային կապ ապահովել Իրանի և Ծոցի երկրների հետ:
«Հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ Ադրբեջանով կրկնօրինակող երկաթուղային նախագծի իրագործումը` առկա իրավիճակի շարունակությունն իսկ էական մարտահրավեր է Հայաստանի համար: Եվ, իմ կարծիքով, այդ լույսի ներքո Երևանը պետք է սեփական ավանդը ներմուծի Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցությունների «միջանցքային օրակարգում՚` դեպի հարավ միջանցքների շարունակման մասին գաղափարի տեսքով` վերջիններին տարանցիկ նշանակություն հաղորդելու նպատակով: Ինձ թվում է, որ նման նախագիծը Մոսկվայի և Թբիլիսիի միջև համաձայնությունների իրագործման լրացուցիչ հեռանկարներ կբացի՚, - ամփոփել է փորձագետը:
Նախորդ տարվա մայիսի 24-ին Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչները Պրահայում համաձայնություն էին ձեռք բերել, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից: Ըստ պայմանագրի, բեռների փոխադրման համար կլինեն երեք միջանցքներ` Աբխազիայի, Լարսի և Ցխինվալի ուղղությամբ: 2011 թվականի պայմանագիրը սահմանում է աշխարհագրական կոորդինատները, այլ ոչ թե վայրերի անունները: Դա արվել է Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի նկատմամբ չեզոք մոտեցման պահպանման նպատակով:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գնահտամամբ, Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում, մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի: Այժմ Ռազմավիրական ճանապարհը, որի վրա է գտնվում «Վերին Լարս» անցակետը, հիմնական տրանսպորտային ուղիներից մեկն է, որը միմյանց հետ կապում է Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը: Ձմռանն այս ճանապարհին տեղի են ունենում ձնհալեր, որի պատճառով այդ ճանապարհը երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենավտանգավոր ճանապարհների վարկանիշում, որը կազմել է Autospies.com ավտոմոբիլային ինտերնետ-ռեսուրսը: