Արմինֆո. Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագիր է ստորագրել 4 հատ Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչների գնման շուրջ, որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան արդեն 2020 թվականին:
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին՚, ՀԱՊԿ գծով դաշնակցի հետ գործարքի իրականացման համար ռուսաստանցի բանակցողները լուրջ զիջումների են գնացել. ոչ միայն վարկ են տրամադրել, այլև կործանիչները վաճառել են ներքին ռուսական, այլ ոչ թե արտահանման գներով: Աղբյուրի համաձայն, այդ պայմանագիրը կարելի է համարել նշանակալի թե, ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունների, թե, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար. տասնամյակների ընթացքում առաջին անգամ երկրի ռազմօդային ուժերը ձեռք են բերում ոչ թե օգտագործված, այլ նոր ավիատեխնիկա:
Ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռք բերման շուրջ պայմանագրի ստորագրման մասին նախօրեին հաղորդել էր նաև Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` հրաժարվելով հաղորդել մանրամասներ: Ինչպես «Կոմերսանտին՚ հաղորդել է ռուսական ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թոփ մենեջերը, գործարքը կատարվում է ՀԱՊԿ գծով: «Չնայած, որ պայմանագիրը համարվում է առևտրային ու իրականացվում է ռուսական կողմի տրամադրած վարկային միջոցների հաշվին, ՀՀ օդուժի համար կործանիչներից յուրաքանչյուրի գինը չի տարբերվում ՌԴ զինված ուժերի համար սահմանված գնից»,- պարզաբանել է նա, հավելելով, թե «ռուսական կողմից նման պայմաններն իսկական «նվեր» են թվում՚: Պայմանագրով նաև նախատեսվում է հայ օդաչուների ուսուցում ռուսական զինվորական հաստատություններում: Ավելի վաղ «Կոմերսանտը՚ հաղորդել էր, որ դեռ 2012 թվին Մոսկվան ու Երևանը ստորագրել էին պայմանագիր, որի համաձայն, Հայաստանն առաջիկա տարիներին պետք է ստանար առնվազն 12 կործանիչ, սակայն պատվիրատուի ֆինանսական դժվարությունների առնչությամբ պայմանագիրը չէր իրագործվել: Այն ժամանակվանից ի վեր կողմերը պարբերաբար քննարկում էին գործարքի հեռանկարները, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում հասնել փոխհամաձայնության: Ըստ «Կոմերսանտի՚, կործանիչների գնման հարցին կողմերը վերադարձան Հայաստանում իշխանափոխությունից հետո, սակայն, ելնելով պատվիրատուի ֆինանսական հնարավորություններից, արդեն քննարկվում էր 6 հատ Սու-30ՍՄ կործանիչի ձեռք բերումը, և բանակցությունների արդյունքում համաձայնել են 4 կործանիչի շուրջ: «Ըստ էության, սա Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կնքված առաջին գործարքն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք: Մեզ համար կարևոր է ՀԱՊԿ շրջանակում դաշնակցի մոտ մեր դիրքերի ամրության վերահաստատումը»,- հավելել է թերթի աղբյուրը: «Էկսպորտ վոորուժենիի՚ հանդեսի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովն, իր հերթին, նշել է գործարքի նկատամբ ակնկալվող Ադրբեջանի հակազդեցության մասին: Նրա ասելով, ռուս-հայկական այս գործարքը Բաքվին կարող է դրդել նոր ինքնաթիռների ձեռք բերման, «ընդ որում, պարտադիր չէ` Ռուսաստանից, այլ, օրինակ, Պակիստանից՚: