Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Լոս Անջելեսի հայկական դպրոցների դարպասներին թուրքական դրոշներ կախելուն առնչվող միջադեպը: Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հարավային Կալիֆորնիայի մասնավոր հայկական դպրոցները վանդալիզմի են ենթարկվել` թուրքական դրոշների կիրառմամբ: '
Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին: Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում: Եվ ես հոսով եմ, որ իշխանություններին կհաջողվի պարզել կասկածյալների ինքնությունը` հետագայում սպառնալիքներն ու ահաբեկումները կանխելու նպատակով՚՚, - գրել է Ադամ Շիֆը «Ֆեյսբուքի՚ իր էջում:
Միջադեպին անդրադարձել է նաեւ կոնգրեսական Բրեդ Շերմանը: «Ինձ հաղորդել են, որ թուրքական դրոշներ են փակցվել Holy Martyrs Ferrahian High School-ում և Հարավային Կալիֆորնիայի այլ հայկական դպրոցներում եւ եկեղեցիներում: Ես վճռականորեն դատապարտում եմ այս վանդալիզմը: Դա հատկապես դաժան է այն մարդկանց նկատմամբ, ում ընտանիքների անդամները դարձել են Հայոց ցեղասպանության զոհ: Այդ բոլոր միջադեպերը ատելության հողի վրա հանցագործություններ են՚, - գրել է Շերմանը «Թուիթերի՚ իր միկրոբլոգում` դիմելով Հետաքննությունների դաշնային բյուրոյին և կոչ անելով հետաքննություն սկսել ատելության դրսևորման դեպքի առնչությամբ: Կոնգրեսականը դաշնային իշխանություններին կոչ է արել օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին:
ԱՄՆ հայ դատի հանձնախումբը նույնպես դատապարտել է հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած միջադեպերը` հայկական դպրոցներում թուրքական դրոշներ տեղադրելը համարելով Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականության շարունակություն: