Արմինֆո. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ողջունում է խաղաղ ճանապարհով և ՀՀ սահմանադրության դրույթներին համապատասխան իշխանափոխության հետևանքները հաղթահարելու Հայաստանի ունակությունը: Այդ մասին ասվում է Ռոջեր Գեյլի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի բանաձևում, որը ներկայացրել է առաջընթացի գնահատականները դիտարկման ենթակա երկրներում:
ԵԽԽՎ Հայաստանի իշխանություններին կոչ է անում ընտրությունների անցկացումից հետո վերսկսել բարեփոխումները հիմնական բնագավառներում, ինչպիսիք են պայքարն ընտանեկան բռնության, ընտրակաշառքների և ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեմ: Կազմակերպությունը նաև կոչ է անում ապահովել քրեական գործերի հետաքննությունը, այդ թվում` 2008 թվականի մարտի ողբերգական իրադարձություններին, կոռուպցիային առնչվող գործերի: Ընդ որում, ԵԽԽՎ ընդգծում է օրենքի գերակայության, արդարության սկզբունքներին համապատասխան խիստ հետաքննություն անցկացնելու, դատական համակարգի անկախության անհրաժեշտությունը: Զեկույցը նաև մանրամասն ներկայացնում է Հայաստանի վերջին իրադարձությունները: